ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չեխիան աջակցում է Շառլ Միշելի միջնորդությանը. Լիպավսկի

Չեխիան աջակցում է Շառլ Միշելի միջնորդությանը. Լիպավսկի

Չեխիայի Հանրապետությունը խստորեն հարգում է միջազգային մարդասիրական իրավունքն ու Ժնևի կոնվենցիաները և նույնը ակնկալում է նաև այլ երկրներից: Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Չեխիայի Հանրապետության արտգործնախարար Յան Լիպավսկին՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ է անում Չեխիան, որպես մարդու իրավունքները և մարդասիրական արժեքները խրախուսող երկիր, մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը դյուրացնելու համար:

Լիպավսկին նաև հավելեց, որ Չեխիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին՝ ուղղված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը:

«Ցանկացած բազմակողմ կամ երկկողմ հանդիպման ժամանակ մենք ընդգծում ենք, որ միջազգային մարդասիրական իրավունքը և Ժնևի կոնվենցիաները պետք է հարգվեն: Չեխիայի Հանրապետությունը խստորեն հարգում է դրանք և նույնը ակնկալում է նաև այլ երկրներից: Խոսելով մասնավորապես Ձեր նշած խնդրի մասին՝ Չեխիայի Հանրապետությունը աջակցում է [Եվրոպական խորհրդի նախագահ] Շառլ Միշելի միջնորդությանը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը, և կարծում եմ՝ նա շատ կարևոր դեր է խաղում», - «Արմենպրես»-ին հայտնեց Չեխիայի ԱԳ նախարարը:

«Արմենպրես»-ը նաև հիշեցրել էր, որ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մնացած հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին անհապաղ իրենց հայրենիք վերադարձնելու մասին կոչեր և բանաձևեր են ընդունել միջազգային բազմաթիվ կառույցներ, այդ թվում՝2021 թ. փետրվարին նմանատիպ բանաձև է ընդունել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն:

  • Կիսվել: