հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Ցեմենտը գնել են, ավազը՝ չի ստացվում. Պրոռեկտորը՝ պետական գնումների խնդիրների մասին

Ցեմենտը գնել են, ավազը՝ չի ստացվում. Պրոռեկտորը՝ պետական գնումների խնդիրների մասին

Պետական գնումների ոլորտը կարգավորող օրենքում սահմանափակումները հասցնում են մի իրավիճակի, երբ դու կարող ես հպարտանալ օրինապահ անգործի կարգավիճակով, այսօր Ազգային ժողովում «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի ագրարային համալսարանի տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը:
Նրա պնդմամբ, հաճախ կարելի է ասել, որ ծախսվել է ժամանակ, կա օրենքի տառին հետևելու փաստ, բայց չկա աշխատանքի արդյունք։

Ըստ Զաքոյանի հարց է առաջանում՝ արդյոք նման սահմանափակումները արդարացված են։

Նա մատնանշեց դեպքեր, երբ բուհական համակարգում հաճախ հայտարարվում է մրցույթ և փոքր գումարների պատճառով մասնակիցներ չեն լինում, բայց դրանք շարունակում են հայտարարել, իսկ օրինակ՝ բուհի բուժկետը այդ ժամանակ չի ունենում համապատասխան դեղամիջոցներ՝ ուսանողների համար։

Բուհի ներկայացուցիչը նշեց, որ օրենքով սահմանված տեխնիկական բնութագրերով հնարավոր չէ որոշել գնվող ապրանքի որակը։ Արդյուքում ոչ օգտակար ապրանքը գնում, թողնում են պահեստներում։ Օրինակ, վիրահատության համար գնած էժան 7 դրամանոց ձեռնոցը 4 անգամ պատռվում է՝ վտանգ առաջացնելով բժշկի և հիվանդի համար և 7 դրամը դառնում է 18 դրամ, մյուս կողմից էլ երկարում է վիրահատման ժամկետը։
Բուհի ներկայացուցիչը բերեց նաև այլ օրինակ, երբ մի փոքր հատված բետոնապատելու համար ցեմենտի գնման մրցութը կայացել է, իսկ ավազի գնմանը մի քանի անգամ չի կայանւմ։ Այդ պատճառով ցեմենտը խոնավ պայմաններում պահեստում արդեն քանի ամիս է՝ որակը կորցնելու ռիսկի տակ է, իսկ մի քանի տասնյակ հազար դրամի ավազ չեն կարողանում գնել։

  • Կիսվել: