շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ցեղասպանությունը վերապրածներն ու նրանց սերունդները բախվում են ոչ միայն իրենց անցյալի վերքերին, այլև այդ ցավը հերքելու և իրենց ձայնը լռեցնելու անարգանքի հետ. զեկույց

Ցեղասպանությունը վերապրածներն ու նրանց սերունդները բախվում են ոչ միայն իրենց անցյալի վերքերին, այլև այդ ցավը հերքելու և իրենց ձայնը լռեցնելու անարգանքի հետ. զեկույց

Հունաստանում ՀՀ դեսպանատունը ներկայացրել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի 2024թ. ապրիլի 18-ի լիագումար նիստի զեկույցից՝ հայ ժողովրդի Ցեղասպանության տարելիցի վերաբերյալ զեկույցը:

«...Անդրադառնանք ապրիլի 24-ին, որը նշանավորում է Հայոց ցեղասպանության սև տարելիցը՝ ժամանակակից մարդկության պատմության ամենամութ էջերից մեկը։
 
Հայոց ցեղասպանությունը 19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրության կողմից սկսված հայ բնակչության դեմ համակարգված արշավ էր, որն իր գագաթնակետին հասավ, ինչպես հայտնի է, 1915 թվականին: Տարիների ընթացքում միլիոնավոր հայեր բռնի տեղահանվեցին, ենթարկվեցին բռնությունների ու կոտորվեցին՝ հայերի գոյությունն արմատախիլ անելու անողոք ջանքերի արդյունքում: Այս ցեղասպանության հետևանքները սարսափելի էին և ունեին հեռահար նպատակներ: Բազմաթիվ կյանքերի հսկայական կորուստներից զատ այն իր անջնջելի հետքը թողեց հայ ժողովրդի ճակատագրի վրա, որը մինչ օրս շարունակում է ազդեցություն ունենալ հայերի սերունդների վրա: Ընտանիքներ քայքայվեցին, համայնքներ ոչնչացվեցին, և հարուստ մշակութային ժառանգությունը վնասվեց անվերադարձ:
 
Ցավոք, Հայոց ցեղասպանության ողբերգությունն ավելի է սրվում Թուրքիայի կողմից դրա ճանաչումը մերժելու պատճառով: Ավելի քան մեկ դար է ինչ Ցեղասպանությունը վերապրածներն ու նրանց սերունդները բախվում են ոչ միայն իրենց անցյալի վերքերին, այլև այդ ցավը հերքելու և իրենց ձայնը լռեցնելու անարգանքի հետ: Ժխտումը ոչ միայն հավերժացնում է անարդարությունը, այլև խաթարում է ապագա վայրագությունները կանխելու և հաշտեցմանը նպաստելու ջանքերը:
 
Կիպրոսի Հանրապետությունը մշտապես ակտիվ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին և հայ ժողովրդին։ Այն աշխարհում երկրորդ երկիրն էր և Եվրոպայում առաջինը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 1975 թվականին։ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 24-ը սահմանել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, հաստատել է Ցեղասպանությունը դատապարտող երեք բանաձև, իսկ 2015թ.-ին Քրեական օրենքով ռասիզմի և այլատյացության որոշակի ձևերի և դրսևորումների դեմ պայքարի փոփոխությամբ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվել է։ Հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ մենք պարտավորվում ենք պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ կտիրեն խաղաղությունն ու արդարությունը, մի աշխարհ, որտեղ անցյալի վայրագությունները այլեւս երբեք չեն կրկնվի։
 
Եզրափակելով՝ կոչ ենք անում մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»:

  • Կիսվել: