երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է. Այվազյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

Ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է. Այվազյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

Այսօր ԱԺ-ում կառավարության նհետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը հարց ուղղեց ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանին՝ կապված Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ:

՛՛Օրեր առաջ ռուսական կողմը հայտարարեց, որ Թուրքիան այլևս գործոն է Հարավային Կովկասում, և մենք պետք է հաշվի առնենք նրա կարծիքը: Եվ ուշիուշով հետևելով նաև Սյունիքի շուրջ զարգացումներին՝ ուզում եմ, որ այսօր ներկայացնեք իրական անվտանգային խնդիրները, որոնք մեր առջև ծառացած են: Դուք մի անգամ արդեն անցած հանդիպման ժամանակ նշեցիք, որ պատերազմը, ըստ էության, ավարտվել է, բայց շարունակական տրամաբանություն ունի: Եվ այս համատեքստում ի՞նչ ենք մենք հակադրում այս ամենին՛՛,-հարցրեց պատգամաբորը՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ ռազմավարական, մարտավարական տեսլական ունենք մենք, որը թույլատրելիության մեջ կարող է հասանելի լինել մեր քաղաքացիներին:

Նախարարը նշեց, որ նոր իրողություն է, նոր իրավիճակ, որը մեր առջև բարձրացնում է նոր մարտահրավերներ: Սակայն, նրա խոսքով,  կան նաև հնարավորություններ:

՛՛Իրավիճակը, անշուշտ, շատ բարդ է, և մեր հիմնական նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտն առավել ամրապնդվի. դա հեշտ հարց չէ, քանի որ սա աշխարհաքաղաքական իրավիճակի ընդհանուր արտացոլումն է: Բնականաբար, որպես պետություն, որպես կառավարություն, որպես հասարակություն՝ մենք պետք է ձգտենք նախևառաջ բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի իրավիճակը գնա դեպի դեէսկալացիա, որը կբերի նաև Հայաստանի շուրջ անվտանգության մթնոլորտի ամրապնդմանը:

Ես անցյալ անգամ նշել եմ, որ մեզ համար, դիվանագիտության համար նույնպես առաջնային խնդիրը եղել և մնում է անվտանգության ամրապնդումը. այն ունի շատ տարրեր՝ սկսած ներքին անդորրի ամրապնդումից մինչև շատ տարբեր հարթակներում աշխատանքը: Եվ դրանց մեջ մտնում է նաև Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորումը:

Դուք նշեցիք Կարսում հիմա տեղի ունեցող զինավարժության մասին, և անշուշտ, յուրաքանչյուր զինավարժություն մտահոգության առիթ է։ Մի կողմից տեսնում ենք նման դրսևորումներ, մյուս կողմից լսում նույն Թուրքիայից եկող տարբեր մեսիջներ։ Ես կարծում եմ, որ դիվանագիտության մեջ ընդունված է որոշակի ուղերձներ հղել, սակայն հաշվի առնելով հենց Թուրքիայի հանգամանքը՝ ես կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք ուղղորդվենք ոչ թե ուղերձներով, այլ, նախևառաջ, գործողություններով։

Վստահ եմ, որ Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և, նախևառաջ, խոսքը գնում է այն մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակում։ Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգության մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր՛՛,-պատասխանեց Այվազյանը:

Պատգամավոր Գոռ Գևորգյանի դիտարկմանը, թե ինքը նախարարից սպասում էր մի փոքր այլ պատասխան, մինչդեռ մենք իրականում խնդիր ունենք, և եթե հարևան երկու պետությունները թշնամական հռետորաբանությամբ անցկացնում են նման ծավալի զորավարժություններ, դա անմիջական սպառնալիք է՝ նախարարը նշեց. ՛՛Ես կարծեմ նշեցի, որ ցանկացած զորավարժություն մտահոգության առիթ է։ Չեմ ասել՝ շրջափակման վերացումը կամ շրջափակումը դրական երևույթ է։ Եվ հատուկ ընդգծեցի, որ մեր նպատակն է ամրապնդել Հայաստանի և Արցախի անվտանգային մթնոլորտը։ Անվտանգային մթնոլորտի մասին խոսելիս ես ասել եմ, որ մենք պետք է ձևավորենք բարենպաստ մթնոլորտ Հայաստանի և Արցախի շուրջ։

Բնականաբար, ապագայում ապաշրջափակումը ինչպես հնարավորություններ է ընձեռելու, այնպես էլ՝ լուրջ մարտահրավերներ: Մենք՝ որպես պետություն, որպես հասարակություն՝ պետք է պատրաստ լինենք և՛ մարտահրավերներին դիմակայելու, և՛ օգտվելու հնարավորություններից: Ես ամբողջովին հասկանում եմ Ձեր հարցի տրամաբանությունը, բայց կարծում եմ, որ Հայաստանի, մեր դիվանագիտորթյան, մեր ժողովրդի համար պետք է մեր շուրջ ձևավորել բարենպաստ մթնոլորտ: Բնականաբար, չխախտելով կարմիր գծերը և պաշտպանելով մեր պետական և ազգային շահերը՛՛:

 

  • Կիսվել: