երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բրյուսելի հանդիպմանը քննարկվելու են նաև արցախահայությանը տրամադրվող օգնությանը վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

Բրյուսելի հանդիպմանը քննարկվելու են նաև արցախահայությանը տրամադրվող օգնությանը վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

Հանդիպմանը հիմնականում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների՝ այսինքն ԱՄՆ-Հայաստան և Եվրամիություն Հայաստան երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։

Նա ընդգծեց, որ քննարկվելու են երկկողմ հարաբերություններին, Հայաստանի տնտեսության որոշակի դիվերսիֆիկացմանը, արցախահայությանը տրամադրվող օժանդակությանը վերաբերող և ինչպես նաև Հայաստանում քաղաքական բարեփոխումներին վերաբերող հարցեր։

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորների մոտ մեծ սպասումներ է ձևավորել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման հետ կապված, Եղոյանը նշեց, որ ՀՀ վարչապետի և ֆրակցիայի հետ հանդիպումները պարբերաբական բնույթ են կրում․

«Բնականաբար այցի մասին իմացել ենք և, ընդհանրապես, վարչապետի հետ պարբերաբար քննարկում ենք Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր»։

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե իշխանությունը գնում է դեպի արևմուտք, ինչը ՌԴ հետ հարաբերությւններին է ազդում և դա ուղղակի վնաս է մեր անվտանգությանը, պատգամավորը նկատեց․

«Քաղաքականության մեջ չկան՝ կուրս փոխել, վեկտոր փոխել, սա անել, նա անել հասկացություններ։ Յուրաքանչյուր պետություն բոլոր գործընկերների հետ էլ կառուցում է այն հարաբերությունները որոնք իր տեսանկյունից շահավետ են, պետք չէ մեկը կապել մյուսի հետ»։

Բացի այդ նա ընդգծեց, որ առաջին անգամը չէ, որ մենք հանդիպում ենք ունենալու ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հետ։

«Ոչ առաջին անգամն է, ոչ էլ առաջին իշխանությունն ենք, որ նման հանդիպում է ունենալու, ինչի՞ մասին է խոսքը։ Բնականաբար, աշխարհը փոխվում է և մեր հարաբերություններն էլ են զարգանում, ի՞նչ խնդիր կա այստեղ, պետք չէ մեկը մյուսի հետ կապել»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

  • Կիսվել: