Բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները պետք է միահամուռ ուժերով և համատեղ ջանքերով պաշտպանվեն․ Վիլեն Գաբրիելյան
Կայացավ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի համատեղ կազմակերպված աշխատաժողովը՝ «Հակահայկականության անատոմիան Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում XIX դարի վերջին և XX դարի սկզբին. ստեղծարարություն՝ ատելության միջավայրում» խորագրով։
Աշխատաժողովի շրջանակում քննարկվեցին պատմական Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում հայության հանդեպ բռնությունների ձևավորման և արտահայտման գործընթացները, զուգահեռաբար ներկայացվեց նաև հայության ստեղծարարությունը և ներդրումը Բաքվի՝ որպես արդյունաբերական խոշոր կենտրոնի կայացման և զարգացման գործում։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանն իր խոսքում նշեց, որ սա այն պատմական պահն է, երբ հայ ժողովուրդը դարեր շարունակ՝ անցնելով ողբերգությունների ու զրկանքների միջով, հռչակեց իր անկախությունը, և այսօր, երբ մենք անդրադառնում ենք Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի ողբերգություններին, հերոսական պայքարի միջոցով ձեռք բերված անկախության ոգին մեզ հուշում է երբեք չլռել ճշմարտության առջև։
«Այսօրվա մեր քննարկման թեման առաջին հերթին պատմության հանդեպ պարտքի և արդարության վերականգնման փորձ է։ Մենք վերլուծում ենք ոչ միայն բռնությունների մեխանիզմները, այլև հայ ժողովրդի ստեղծարար դիմադրությունը՝ մշակույթի, հիշողության և ինքնության պաշտպանության միջոցով, հետևաբար աշխատաժողովի նպատակներն են Ադրբեջանի կողմից պետական ու հասարակական մակարդակներում դրսևորված հակահայ քաղաքականության հստակ փաստագրումը, Ադրբեջանից բռնի տեղահանված փախստականների իրավունքների բարձրաձայնումը, պատմական ճշմարտության վերանայումը նոր գիտական մոտեցումներով, և ի վերջո ընդհանուր հարթակի ձևավորումը՝ ճանաչման և պահանջատիրության համար»,- ասաց Գաբրիելյանը։
Նրա դիտարկմամբ՝ այսօր, երբ տարածաշրջանային վերակառուցումները շարունակվում են, մենք պարտավոր ենք հիշեցնել, որ անցյալը քաղաքական հարմարության անվան տակ լռեցնելու փորձերը չեն կարող և չպետք է փոխարինեն ճշմարտությանը։ Գարդմանցին, շիրվանցին, նախիջևանցին ունեն պատմություն, իրավունքներ, և այդ իրավունքները միահամուռ ուժերով և համատեղ ջանքերով պետք է պաշտպանվեն։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանն իր հերթին նշեց, որ աշխատաժողովը միտված է բարձրաձայնելու կարևոր հարցեր և հիշեցնելու այն մասին, որ նախորդ դարի նույն ժամանակահատվածում պատմական հանգամանքների բերումով մեր կողքին առաջացավ մի նոր պետություն, որտեղ հայատյացությունն ու հայկական պատմամշակութային ժառանգության յուրացումը կամ ոչնչացումն ի սկզբանե դարձան պետական քաղաքականություն։
«Ադրբեջանը ստեղծման պահին նույնիսկ իր անվանումը յուրացրեց հարևան Իրանի պատմական նահանգի անվանումից և իր ստեղծման օրվանից փորձում է աշխարհին ներկայացնել կամ միջազգային հանրությանը վաճառել մի թեզ, որի համաձայն՝ ինքն իբրև թե առաջին դեմոկրատական պետությունն է Հարավային Կովկասում։ Նմանօրինակ քաղաքականություն որդեգրած պետության և նրա իշխանությունների քաղաքականության համատեքստում ջարդարար և յուրացնող վարքագծին, ինչպես նաև, հակահայկականության վրա սեփական ինքնությունը կառուցող հարևանին պետք է կարողանանք ցույց տալ, թե ովքեր են մեր տարածաշրջանի իրական բնիկները, թե ովքեր են նույն Բաքվի, Գանձակի, մյուս քաղաքների պատմամշակութային, մտավոր ահռելի ժառանգության իրական ստեղծարարները, և ինչպես են ձգտել հայկական ստեղծարարությունը յուրացնել»,- ասաց Մարգարյանը։
Աշխատաժողովի մասնակիցները համապատասխան զեկույցներով, ի թիվս կարևոր թեմաների, անդրադարձան ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունների էվոլյուցիային (1905-06 թթ․ և 1988-90թթ), առանձին պատմական շրջանների վարչաժողովրդագրական նկարագրին, Բաքվի հայկական պատմամշակութային հետքերին, ինչպես նաև բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների խնդրին։