Բոլոր փաստարկներով ջախջախեցինք Ձեր ելույթները. Անի Սամսոնյան
ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը, որն ստեղծվել է բիզնեսի ներկայացուցիչների կողմից Երեւանի քաղաքապետարանին փոխանցված փոխադրամիջոցների իրավաչափության ուսումնասիրման համար, արդեն ստեղծվել է օրենքի ուժով, և այն, որ այսօր նրա անդամները չեն նշանակվել, բնավ չի նշանակում, թե այն ցրվել է։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց ԱԺ քննիչ հանձնա-ողով ստեղծելու մասին նախագծի քվեարկությանը։ Ըստ նախագծի, նախատեսվում էր 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ իրենք պետք է ելնեն «տրամաբանությունից» և«խելամտությունից»։
«Իհարկե, մենք կարող ենք փոխել Կանոնակարգը և հնարավորինս կոնկրետացնենք նման սցենարներն ապագայի համար։ Ներկա պահին ելքն այսպիսին է. կազմի հարցը մնում է մեծ օրակարգում, կոնկրետ այս որոշումը հաստատված չէ։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին կարող է լինել այս ամենի իրավաբանական ավարտը»,- ընդգծեց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն էլ անդրադառնալով իմքայլականների քվեարկությանը, նշեց, որ երեկ իրենց բոլոր փաստարկներով ջախջախեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթները և բերված փաստարկներն առ այն, որ այս քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է։ Արդյունքում, ըստ նրա, նրանք հասկացան, որ դեմ քվեարկելը խնդիրներ է ստեղծելու իրենց համար, ուստի չմասնակցեցին քվեարկությանը։