Բոլոր բիզնեսմենները վախեցած են. Սամվել Կարապետյան
Ես չեմ հասկանում՝ բիզնեսմեններն ինչի՞ց են վախեցած, էլ դուք ի՞նչ ունեք կորցնելու, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Խոսելով գործարարների նկատմամբ իշխանության հենապնդումների մասին՝ նա նշել է. «Բոլոր բիզնեսմենները վախեցած են։ Ես չեմ հասկանում՝ ինչի՞ց են վախեցած։ Էլ դուք ի՞նչ ունեք կորցնելու, բացի ձեր «շղթաներից»:
Ըստ նրա՝ չնայած այս ամենին՝ բոլորին սթափեցնել, արթնացնել է պետք:
«Բոլորին պետք է արթնացնենք։ Դա կոչվում է հայրենասիրություն։ Իրոք, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Նա հավելել է՝ ինքն էլ շատ լավ, բարեկեցիկ կյանքով է ապրել, բայց երբ տեսել է՝ ինչ է կատարվում երկրում, ստանձնել է դա փոխելու պարտավորությունը։ «Ես տեսա, որ մեր երկիրը տանում են կործանման, թրքացման, ոչնչացնում են մեր ինքնությունը»։
Կարապետյանն անդրադարձել է նաև իշխանության այսօրվա գործելաոճին՝ ասելով. «Սրանք ուզում են երգել-պարելով՝ երկիր կառավարել։ Սրանց միայն փորները կուշտ լինի, տակները՝ չոր, ու մի անորակ երաժշտություն միացնեն։ Տպավորություն են ստեղծում, թե երկրում ամեն ինչ շատ լավ է, մնացել է երգելն ու պարելը։ Բայց իրենք սխալվում են, մենք շատ համառ ենք, շատ ճիշտ ճանապարհի վրա ենք»:


