ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բնական է, որ ՀՀԿ-ն փորձում է դա որակել որպես քաղաքական հետապնդում. Մակունցը՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին

Բնական է, որ ՀՀԿ-ն փորձում է դա որակել որպես քաղաքական հետապնդում. Մակունցը՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին

Եթե կոռուպցիայի դեմ մղվում է պայքար, ապա չկա որեւէ զիջում այդ առումով, կապ չունի մեր թիմակիցն է, թե ընդդիմադիր որեւէ կուսակցության ներկայացուցիչ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՀԿ հայտարարությանը:

Ըստ պատգամավորի՝ այն միտումը, որ փորձ են անում Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը որակել որպես քաղաքական հետապնդում, չի կարող ընդունելի լինել եւ չի կարող տեղ գտնել Հայաստանում:

«Այդ նույն օրը տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված երկու հրապարակում: Մեկն առնչվել է Սերժ Սարգսյանին, մյուսը՝ ԿԳՄՍ փոխնախարարին: Եթե կոռուպցիայի դեմ մղվում է պայքար, ապա չկա որեւէ զիջում այդ առումով, կապ չունի մեր թիմակիցն է, թե ընդդիմադիր որեւէ կուսակցության ներկայացուցիչ»,-ասաց Մակունցը:

Պաշտոնյան նշեց նաև, որ բնական է, երբ ՀՀԿ-ն փորձում է դա որակել որպես քաղաքական հետապնդում, որը իրենց համար անընդունելի է:

Հիշեցնենք, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները: Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ընկերությունը, ինչի  արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը որոշել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գերադասել է պայմանագիր կնքել ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ և Գյուղնախի պաշտոնատար անձանց տվել է համապատասխան հրահանգ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է  423.091.690 ՀՀ դրամ վնաս։

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա իրեն մեղավոր չի ճանաչում, մեղադրանքը համարում է աբսուրդային և քաղաքական։

  • Կիսվել: