կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ԲՀԿ-ն նիստ կհրավիրի և կընդունի մեծամասնության որոշումը. Ծառուկյանը՝ հանրաքվեի մասին

ԲՀԿ-ն նիստ կհրավիրի և կընդունի մեծամասնության որոշումը. Ծառուկյանը՝ հանրաքվեի մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռևս վերջնական որոշում չունի՝ ապրիլի 5-ի հանրաքվեին այո-ի, թե ոչ-ի դաշտում է լինելու։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Հանրաքվեի գաղափարին մենք կողմ ենք եղել. Միքայել Մելքումյանը ելույթ ունեցավ, ասաց, որ պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկենք, իրավական կողմը պահենք, սպասում էինք արձագանքի, քանի որ արձագանք չեղավ, դրա համար չմասնակցեցինք քվեարկությանը»,- ասաց նա:

Հարցին, թե ԲՀԿ-ն «այո»-ի ճամբարո՞ւմ է լինելու, թե «ոչ»-ի, Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենք հիմա քաղխորհրդի նիստ կհրավիրեն, կքննարկեն և կհայտարարեն: «Մեզ մոտ այդպես միաձայն չէ: Եթե ես հիմա իմ անձնական տեսակետը հայտնեմ, կխանգարեմ մեր քաղխորհրդի անդամներին, պատգամավորներին, համակիրներին, որ եթե Ծառուկյանն ասել է, ուրեմն այդպես պետք է լինի: Ես բոլորին պետք է լսեմ, մեծամասնությունն ինչպես ասի, այդպես էլ կլինի»»,- ընդգծեց նա։

Դիտարկմանը՝  հնարավո՞ր է «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների հետ ԲՀԿ-ն դիմեն ՍԴ և վիճարկեն հանրաքվե նշանակելու որոշումը, նա արձագանքեց. «Քանի որ ՍԴ-ն շահագրգիռ կողմ է, դրա համար մենք ձեռնպահ ենք մնացել»:

Գագիկ Ծառուկյանը նաև ասաց, որ Սահմանադրության հանրաքվեի հարցով Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել. «Ոչ առաջարկ է եղել, ոչ էլ հանդիպել ենք»:

  • Կիսվել: