շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բայրամովի հայտարարությունը կարելի է որակել իրողությունների հետ հակադրության մեջ գտնվող ցանկալի պնդումների շարք. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն

Բայրամովի հայտարարությունը կարելի է որակել իրողությունների հետ հակադրության մեջ գտնվող ցանկալի պնդումների շարք. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն

ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հիլդա Շմիդի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը կարելի է պարզապես որակել որպես իրողությունների հետ ուղղակի հակադրության մեջ գտնվող ցանկալի պնդումների շարք։ Այս մասին հայտարարություն է տարածել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը՝ արձագանքելով Սկոպյեում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը:

«Բայրամովը նշել է, որ հակառակ կողմը (ենթադրելի է Հայաստանը կամ Լեռնային Ղարաբաղը) նախապես տեղեկացվել են սեպտեմբերի 19-ին սպասվող ռազմական գործողությունների մասին։ Մինչդեռ ասվածը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Ջեյհուն Բայրամովը կրկին զարգացնում է այն թեզը, թե Հայաստանը չի հետևել ստանձնած պարտավորություններին և չի հեռացրել ՀՀ զինված ուժերը Լեռնային Ղարաբաղից: Սա հերթական ջանքն է՝ արդարացնելու կատարվածը, մինչդեռ Հայաստանն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ Զինված ուժեր գոյություն չունեն։

Սակայն միջազգային հանրությանը զվարճացնելու առումով շատ ավելի հեռուն գնացող է Ջ․ Բայրամովի այն պնդումը, թե Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններ չեն արձանագրվել և որ հայերի բռնագաղթի համար պատասխանատվություն է կրում Հայաստանը։

Եթե, ըստ Ջեյհուն Բայրամովի, Լեռնային Ղարաբաղի հայերի արտագաղթի պատասխանատուն Հայաստանն է, ապա Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Մինգեչաուրից, Խանլարից, Շամխորից, Դաշքեսանից, Գետաբեկից, Թովուզից, Ղազախից և ԱԽՍՀ այլ շրջաններից ու քաղաքներից հայերի բռնի տեղահանման և Հայաստանում ու աշխարհով մեկ սփռման պատասխանատուն ո՞վ է:

Լեռնային Ղարաբաղում ռազմական երկօրյա գործողությունների ընթացքում արձանագրվել են այնպիսի վայրագություններ, ինչպիսիք են զինծառայողների, քաղաքացիական անձանց դիերը խոշտանգելու, անարգելու  հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց դիտավորությամբ, դաժանաբար  մահ պատճառելու, նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու, խոշտանգման ենթարկելու, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու դեպքեր, մանկասպանություն, թալան, իսկ հեռացող բնակչությունը ուղեկցվել է վախի ու ահաբեկման մշտական սպառնալիքով։

Եթե Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ բռնություն չի կիրառվել, ապա կարող է արդյոք պարոն Բայրամովը պատասխանել, թե ինչ է տեղի ունեցել Սումգայիթում՝ 1988 թ․, Բաքվում՝ 1990 թ․, Մարաղայում՝ 1992 թ․, ո՞ւր են պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայերը և ի՞նչ ճակատագրի է արժանացել նրանց գույքը, ինչո՞ւ են բարբարոսաբար ավերվել Հին Ջուղայի խաչքարերը և հայկական մշակութային ժառանգության կոթողները։ Կարո՞ղ է պարոն Բայրամովը այս հարցերին ազնվորեն պատասխանելուց հետո դարձյալ պնդել, թե Լեռնային Ղարաբաղի էթնիկ բնիկ հայության նկատմամբ բռնություն չի կիրառվել։ Վստահաբար՝ ոչ։ Ուստի, նման հարցերի արդարացի պատասխանները պետք է գտնել անցյալի այն իրողությունների մեջ, որոնք Ադրբեջանը մշտապես փորձում է շղարշել կեղծ օրակարգերի, կեղծ գիտապատմական խոսույթների ու նավթային դիվանագիտության միջոցով՝ ավելացնելով աշխարհում ռասիզմի ու դրա անպատժելիության նախադեպերի քանակը»,- ասված է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: