Բարձրացրեք Արցախի անկախությունը ճանաչելու հարց, որը նշանակում է Ադրբեջանին պատերազմ հայտարարել.Աղազարյանն՝ ընդիմությանը
Մի հարգարժան հայրենասերի հետ էի զրուցում, ասաց պարոն Աղազարյան, Հովիկ ջան, այն ինչ դուք արեցիք 2018-ին, դա հեղափոխություն չէր, ազգային ազատագրական շարժում էր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Հաղթել ենք 1990–ականների ճակատամարտը, փառք մեր տղաներին, 2020 թվականին ունեցանք անհաջողություն, որի հետ կապված չպետք է նորից ողբերգություն սարքենք, որովհետև ես համաձայն չեմ այն տերմինի հետ, որ մենք պարտվել ենք և այլն»,–ասաց Աղազարյանը։
Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը շարժվում է խաղաղության օրակարգով, բայց ինքը վստահ չէ, որ հարևան երկիրը պատրաստ է դրան․«Պետք չէ «խաղաղություն» տերմինը ֆետիշացնել, այն, որ մենք խաղաղություն ենք ուզում, դա ակնհայտ է եւ ակնհայտ է աշխարհին, բացյ դա չի նշանակում, որ մեր թշնամի երկիրը պատրաստ է դրան: Հետեւաբար, այստեղ շատ ավելի կարեւոր է, որ գործընթացը, որով գնում ենք եւ պետք է փորձենք հասնել խաղաղության, մեր հարեւաններին համոզենք, որ այդ համակեցության նորմն ավելի արդիական ու ընդունելի է այսօրվա իրողություններում:
Հիմա իմ կողմից ոչ հարգելի ընդդիմադիր գործընկերները ի՞նչ են ասում, ասում են՝ Արցախի հետ մեր դիրքորոշումն իրենց համար անընդունելի է, և իրենք այլ տեսակետ ունենք։ Է թող գան իրենց տեսակետով։ Բարձրացրեք Արցախի անկախությունը ճանաչելու հարց, որը նշանակում է Ադրբեջանին պատերազմ հայտարարել կամ պատերազմական գործողությունները վերսկսկել, հավաքեք ինչ–որ իմաստով տեսանելի աջակցություն, բարձրացրեք այդ հարցը, կգնանք ընտրության՝ մենք մեր ծրագրով, դուք ձեր ծրագրով։
Մեր ծրագիրը որն է՝ մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ չունենք, մենք ունենք մի խնդիր, որ Արցախի ժողովուրդը փաստորեն ինքնորոշվում է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա արդարացի ու արագ լուծման հասցնենք»,–ասաց Աղազարյանը։