երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բաքվում, Սումգայիթում ու ԼՂ-ում իրականացվել է հայերի ցեղասպանություն, եւ այն պետք է ճանաչել. Քոքս

Բաքվում, Սումգայիթում ու ԼՂ-ում իրականացվել է հայերի ցեղասպանություն, եւ այն պետք է ճանաչել. Քոքս

Բաքվում, Սումգայթում ու Լեռնային Ղարաբաղում իրականացվել է հայերի ցեղասպանություն, եւ այն պետք է ճանաչել, որպեսզի նման բանը անպատիժ չշարունակվի։ Այս մասին այսօր, ելույթ ունենալով «Մոռացված փախստականներ․ ի՞նչ է կատարվել Բաքվի հայերի հետ» համաժողովում, որն անցկացվել է Եվրոպական խորհրդարանում, ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Նշենք, որ համաժողովը կազմակերպվել էր Բրյուսելում «Հայ Դատի» գրասենյակի եւ ԵՄ-ում Հայաստանի առաքելության կողմից։

Բարոնուհին հիշեցրել է, որ Արցախ այցերի պատճառով ինքը հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»։ Նա նշել է. «Ես գիտեմ մարդկանց, որոնք Բաքվի ջարդերի պատճառով փախել են Մեծ Բրիտանիա»: Քոքսը նաեւ ասել է, որ որ իրավիճակն Ադրբեջանում այն տարիներին «ժողովրդավարության եւ թափանցիկության հրաշալի պատկեր չէր», ինչպես դա փորձում են ներկայացնել համաժողովի ադրբեջանցի մասնակիցները։

Համաժողովի ժամանակ ներկայացվել են Բաքվի փախստականների պատմությունները։ Նրանց թվում եղել է 90-ականների սկզբին Ադրբեջանը լքած Աննա Աստվածատրյան-Տյուրքոտը։ Ըստ նրա՝ շատերն ունեն սարսափելի հիշողություններ այն մասին, թե ինչպես էին ստիպված փախչել եւ փրկվել։ Նա ասել է. «Շատերի ոգին կոտրվել էր, շատերի կյանքը ոչնչացվել էր՝ 350 000 մարդու կյանք, այնպիսին ինչպիսին ես եմ» ։

Աննա Աստվածատրյանը, պատասխանելով ադրբեջանցի մասնակցի այն ակնարկին, թե նման հանդիպումները չեն նպաստում «խաղաղության կառուցմանը», ասել է, որ իր կյանքը փրկել է մի ադրբեջանուհի, որը նույնիսկ չէր հասկանում իրեն, քանի որ ռուսերեն չգիտեր. «Խաղաղության կառուցման համար ամենակարեւորը ճշմարտությունն է»:

Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր Դավիթ Բաբաեւն էլ շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին հարթակ տրամադրելու համար, «որպեսզի արտահայտվի 1990թ․ Բաքուն ստիպողաբար լքած հայ փախստականների մասին մեր մտահոգությունը»։ Նա ասել է. «Այդ գազանությունները՝ բռնությունը, ահաբեկումը, բռնաբարությունը, սպանությունը եւ մարդկանց ողջ-ողջ այրելը չպետք է անպատիժ մնան»:

  • Կիսվել: