երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Բաքուն ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը գնահատել է որպես «անջատողականության խրախուսում Ադրբեջանի տարածքում»

Բաքուն ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը գնահատել է որպես «անջատողականության խրախուսում Ադրբեջանի տարածքում»

Բաքվում Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը Մարաղայի վայրագությունների եւ Ղարաբաղում էթնիկ զտումների տարելիցի առիթով գնահատել են որպես «անջատողականության խրախուսում Ադրբեջանի տարածքում»։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում հայկական կողմի մեղադրանքները «հերքում» են որպես «հերթական անհիմն, հակաիրավական, թշնամական հայտարարություն»։

«Վճռականորեն դատապարտում ենք հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումն այն դեպքում, երբ ընդունվել են որոշումներ երկու պետությունների միջեւ կարգավորման քայլեր ձեռնարկելու մասին»,- նշվել է հայտարարությունում, տեղեկացրել է APA-ն։

«Հայաստանի ԱԳՆ-ի այդ հայտարարությունը, որը խրախուսում է անջատողականությունն Ադրբեջանի տարածքում՝ միջազգային իրավունքի խախտմամբ միջամտելով այլ պետության ներքին գործերին, խափանելով տարածաշրջանում խաղաղության կերտման ջանքերը, ի ցույց է դնում այն, որ մյուս կողմի իսկական մտադրությունը կարգավորումը եւ խաղաղ գոյակցությունը չէ։ Անկախ Հայաստանի ընտրությունից՝ Ադրբեջանը կշարունակի զարգացման եւ առաջընթացի քայլեր ձեռնարկել իր միջազգային սահմանների շրջանակում՝ պարտավորություններին եւ միջազգային իրավունքին համապատասխան»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Հիշեցնենք՝ երեկ՝ Մարաղայի ջարդերի 30-այմա տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով Ադրդեջաբի կողմից Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա ավանում խաղաղ բնակչության դաժանությամբ աննախադեպ կոտորածը, ինչի հետևանքում շուրջ 5000 բնակչություն ունեցող հայկական բնակավայրն ամբողջությամբ հայաթափվեց։

«Մարաղայի կոտորածը, որը դարձավ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերի շարունակությունը, Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ ատելության և էթնիկ զտումների քաղաքականության հերթական դրսևորումն էր։

Ադրբեջանի հայաշատ քաղաքներում և Լեռնային Ղարաբաղում հայերի կոտորածների կազմակերպիչների և իրականացնողների անպատժելիությունը, նրանց հերոսացումը և տարիներ ի վեր վարվող հայատյացության քաղաքականությունը հիմք դարձան նոր զանգվածային ոճրագործությունների իրագործման:

Ներկայումս ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական բնակչության շարունակական թիրախավորումն ու հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, ինչպես նաև ս․թ․ մարտի 24-ից ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի ներխուժումը, որի հետևանքով ավելի քան 400 անձ ստիպված տեղահանվեց, վկայում են պաշտոնական Բաքվի իրական նպատակի մասին՝ ամբողջական էթնիկ զտումների ենթարկել Արցախը»,- նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

  • Կիսվել: