Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ալիև
Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այս մասին օկուպացված Արցախում անցկացվող գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
՛՛Այո, խաղաղության պայմանագր տեքստը կարող է նախաստորագրվել, և ադրբեջանական կողմն արդեն նման առաջարկով հանդես է եկել Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը բնավ չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ մի բան է համաձայնության բանավոր արտահայտումը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջի նախաստորագրումը։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը՛՛,-նշել է նա:
Ալիևը նաև հավելել է. ՛՛Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել երկու հարց լուծելուց անմիջապես հետո՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո՛՛:
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ ՛՛Թրամփի հաղթանակից հետո Երևանը համաձայնել է երկու կետ ավելացնել խաղաղության պայմանագրին՛՛:
՛՛Մենք պատրաստել ենք խաղաղության համաձայնագրի տեքստը և այն ուղարկել Հայաստանին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ ունեին։ Երկու տարվա ընթացքում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Գլխավոր պատճառն այն էր, որ հայկական կողմը ցանկանում էր խաղաղության համաձայնագրի տեքստում ներառել Ղարաբաղի հարցը։ Մենք նրանց ասել ենք, որ Ղարաբաղւի հարցը գոյություն ունի ձեր երևակայության մեջ, իրականում այն չկա։ Դա Ադրբեջանի մի մասն է, և մեր ներքին քաղաքականությանը վերաբերող հարցը չի կարող ներառվել խաղաղության պայմանագրի տեքստում։
Միայն 2023 թվականի սեպտեմբերին Հայաստանը դադարեց պնդել, քանի որ թեման արդեն փակված էր:
Իրական բանակցությունները սկսվել են 2024 թվականի հունվարին։ Աշխատանքը կատարվել է մեր պատրաստած տեքստի նախագծի վրա, և այն համաձայնեցվել է։ Հայաստանը չէր ուզում երկու կետ ավելացնել։ Բայց երբ նախագահ Դոնալդ Թրամփը հաղթեց ընտրություններում, նրանք ավելացրեցին երկու կետ: Հայաստանի Սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում. այս երկու հարցերը լուծելուց հետո կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիր՛՛,-իր խոսքը մանրամասնել է Ալիևը:


