շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ-ում քննարկվեց ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացման հարցը

ԱԺ-ում քննարկվեց ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացման հարցը

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները, անձնակազմը մաքսային և հարկային հարցերում ՀՀ իրավասու գերատեչությունների կողմից կդիտարկվեն որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություններ: Այդ մասին 2023-ի նոյեմբերի 20-ին ստորագրված ««ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծն ԱԺ-ում ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Նա հիշեցրեց, որ ԵՄ խորհուրդը դեռևս 2022 թվականին ՀՀ հայցի հիման վրա կայացրեց «աննախադեպ հրատապ որոշում», այն է՝ 2 ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելության տեղակայումը: Վերջինս տեղակայվեց ՀՀ արևելյան սահմանի երկայնքով 2022-ի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը և, ըստ ԱԳ նախարարի տեղակալի, էականորեն նպաստեց սահմանային իրավիճակի հարաբերական կայունությանը:

Մնացական Սաֆարյանը նաև հիշեցրեց, որ 2023-ի դեկտեմբերի 11-ին ԵՄ խորհուրդը որոշեց ընդլանել քաղաքացիական առաքելության կազմը՝ 138-ից հասցնելով 209-ի, ինչը հնարավորություն տվեց մեծացնելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով առաքելության մշտադիտարկման կարողությունները:

«Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատև հաստատմանն ու խաղաղության ապահովմանը: Հայաստանը մեծապես կարևորում է ինչպես սույն, այնպես էլ ԵՄ հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղած բոլոր նախաձեռնությունները»,- ասաց նա և տեղեկացրեց, որ ԵՄ-ն մեկնարկ է տվել քաղաքացիական առաքելություններին 2003 թվականից եվրոպական, աֆրիկյան մի շարք երկրներում՝ գործարկելով 37 քաղաքացիական և ռազմական առաքելություններ: Ներկայումս գործում է 21 առաքելություն, որից 12-ը քաղաքացիական են, 9-ը՝ ռազմական:

«Հաշվի առնելով նշվածն ակնակալում ենք ԱԺ-ի կողմից 2023 թվականի նոյմեբերի 20-ին ստորագրված ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանում ԵՄ-ի առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի վավերացումը»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մտահոգություն հայտնեց, թե այս համաձայնագրով ԵՄ-ն իրավունք կստանա ԵՄ ոչ անդամ երկրներին ևս մասնակից դարձնել առաքելությանը, և որ չկա որևէ սահմանափակում, որ առաքելությանը մաս կարող է կազմել նաև Թուրքիան:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանեց, որ համաձայնագիրը չի կարգավորում, թե որ երկրներից կարող են մասնակցել ԵՄ դիտորդական առաքելությանը, սա կարգավորում է արդեն իսկ գործող ԵՄ առաքելության ներկայացուցիչների կարգավիճակը Հայաստանում:

«Սա ընդամենը համաձայնագիր է այդ դիտորդների և իրենց գույքի կարգավիճակի մասին»,- ասաց Ռուբինյանը:

«ՔՊ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ ԵՄ քաղաքացիական առաքելության իրավական հիմքը ՀՀ-ում գտնվելու համար ՀՀ-ի դիմումն է և Եվրոպական խորհրդի, այսինքն՝ քաղաքական որոշում կայացնող կառույցի որոշումը:

«Այդ առաքելությանը 1000 պետություն էլ միանա, դա ԵՄ առաքելություն է, և ՀՀ-ի հարաբերությունները կագավորվելու են ԵՄ-ի հետ»,- ասաց Վարդանյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ ՍԴ-ն իրավական առումով «կանաչ լույս» է տվել առաքելությունը վավերացնելուն, և որ ԱԺ-ում քննարկվում է այն, թե կա՞ քաղաքական նպատակահարմարություն այս փաստաթուղթը վավերացնելու:

«Այս փաստաթուղթը կապ ունի վերջիններիս արտոնություններին և անձեռնմխելիություններին, և անհրաժեշտ է ՀՀ հարկային, ֆիսկալ, ֆինասնատնտեսական, քրեական, վարչական բնույթի հարաբերությունները վերջիններիս անդամների հետ կարգավորելու համար»,- ասաց նա:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունը տարաձայնություններ ունի՝ փաստաթղթի հետ կապված, ուստի ձեռնպահ կմնան համաձայնագրի վավերացման մասով քվեարկությունից:

«ՔՊ» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր հերթին գոհունակություն հայտնեց Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ, արձանագրեց, որ ՀՀ-ում առաքելության տեղակայումն էականորեն նպաստել է տարածաշրջանային կայունությանը, և որ ՔՊ-ն կողմ է քվեարկելու համաձայնագրի վավերացմանը:

  • Կիսվել: