ԱԺ-ն քննարկում է 2021 թ. Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակը մինչև 245 մլն մ3 սահմանելու հարցը
Ազգային ժողովը քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Գործող օրենքով ամրագրված է մինչև 170 մլն մ3 բացթողնման ջրի առավելագույն չափաքանակը: Առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ3:
«Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում սահմանվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար: ՀՀ թվով 12 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածությունը 2021 թվականին կազմել է 526.7 միլիոն մ3՝ նախորդ տարվա առավելագույն լցվածության համեմատ թերլցվածությունը կազմել է 140.8։ 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ջրամբարների լցվածությունը եղել է 226,6 մլն մ3 , իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում 351,9 մլն մ3 , ջրի դեֆիցիտը կազմում է 125,7 մլն մ3 : Հրազդան գետում ջրատվության կտրուկ նվազման պատճառով Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներից իրականացվել է չնախատեսված ջրալրում, որի արդյունքում 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21,43 մլն մ3 ջրի դեֆիցիտ»,- հայտնեց Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:


