երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ազատ և արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը. ԱԽ քարտուղար

Ազատ և արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը. ԱԽ քարտուղար

Մենք մշտապես ջանացել ենք ոչ մի դեպքում չդառնալ աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Շատերը սկսել են առավել հաճախ խոսել այն մասին, որ 2018 թվականի հեղափոխության վերաբերյալ գնահատականները խիստ մակերեսային էին, և որ հեղափոխությունը ոչ թե արդյունք էր արտաքին ազդեցության, այլ երկրի ներքին կոռուպցիոն համակարգից բխող հանգամանքների և զարգացումների հետևանք՛՛։

Գրիգորյանի խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երկու նշանակալից իրադարձություն՝ հեղափոխությունը և հետպատերազմյան ներքաղաքական զարգացումները, որոնց միջով անցնելիս երկիրը ապավինել է միայն սեփական ներքին ռեսուրսներին։

Նա հավելել է. ՛՛Սա է Հայաստանի ինքնիշխանության ցուցանիշը: Առաջարկում եմ ձեզ նայել և համեմատել, թե ինչպես են այլ երկրներ հաղթահարում նման գործընթացները։

Մեր քաղաքական ուժը ոչ արևմտամետ է, ոչ էլ արևելամետ։ Մենք հայակենտրոն ուժ ենք և առաջնորդվում ենք բացառապես Հայաստանի շահերով։ Ինչ վերաբերում է «Սորոսին», կցանկանայի նշել, որ նման հայտարարությունները ծիծաղելի աստիճանի սահմանափակ մտածողության արդյունք են։

Ինձ սովորաբար չեն գրավում կենցաղային մակարդակի հայտարարությունները և առավել ևս, չեմ մեկնաբանում դրանք, սակայն հույս ունեմ մեկընդմիշտ փակել այս թեման. քաղաքականության մեջ կարևորը գործողությունները գնահատելն է, և Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի (ЦАСТ) վերոնշյալ զեկույցը լավագույն կերպով արտացոլում է իրականությունը, քողազերծելով ՛՛Սորոսի՛՛ թեման, որը թիրախավարված է մարդկանց մոլորության մեջ գցելու և հիմնականում Հայաստանում ու դրա սահմաններից դուրս գտնվող մեր քաղաքական հակառակորդների պատվերով տարածվող քարոզչական հնարքը՛՛:

ԱԽ քարտուղարը պատասխանել է նաև այն հարցին, թե  հնարավո՞ր է արդյոք Հայաստանում հերթական հեղափոխությունը տեղի ունենա: Այս առնչությամբ նա նշել է, որ Հայաստանի քաղաքական կայունությունը պայմանավորված է ազատ և արդար ընտրություններով, և, նրա խոսքով, 2018 թվականի խորհրդարանական ընտրությունները կայունության մեծ պաշար են ձևավորել։

՛՛Հենց սրա շնորհիվ է, որ մեզ հաջողվեց կայունացնել հետպատերազմյան ոչ դյուրին շրջանը կայունացնել և պատրաստվել հունիսին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ազատ և արդար ընտրությունները բացառում են հեղափոխությունը, քանզի հնարավորություն են տալիս ժողովրդին իր կամարտահայտությունը հայտնել դեմոկրատական մեխանիզմների միջոցով՛՛,-նշել է Գրիգորյանը:

  • Կիսվել: