Այսօրվա իշխանությունը համատարած կերպով մեր թեկնածուների նկատմամբ բռնաճնշումներ է իրականացնում․ Սաղաթելյան
Առաջիկայում ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են սպասվում և այսօրվա իշխանությունը համատարած կերպով մեր թեկնածուների նկատմամբ բռնաճնշումներ է իրականացնում, հետապնդում համայնքների ղեկավարներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Ճնշումները շարունակում են գործող համայնքապետերի նկատմամբ, որպեսզի համայնքների հեղինակություն ունեցող ղեկավարները հրաժարական տան, իրենց թեկնածուներին նշանակեն ժ/պ և այդ ուղղությամբ փորձեն տեղական ընտրություններում հասնեն հաջողության», - նշեց նա։
Սաղաթելյանն ասաց, որ տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մոտեցումը տարբեր է լինելու.
«Տեղեր կան, որ դաշինքով կմասնակցենք, տեղեր էլ կան՝ առանձին։ Բազմաթիվ համայնքներում ՀՅԴ-ն հանդես է գալու իր համամասնական ցուցակով»։
Դա, ըստ Սաղաթելյանի, բոլորովին չի նշանակում, թե հակասություններ կան դաշինքում։


