«Հանցագործներն օգտագործում են ցույցերը՝ բախում հրահրելու համար»․ Իտալիայի վարչապետ
Իտալիայում ոստիկանությունը կրկին ստիպված էր գործ ունենալ հանցագործների ու վերջիններիս բռնությունների հետ, ովքեր կազմակերպված խմբերի միջոցով օգտագործում են ցույցերը, որպեսզի բախում հրահրեն և քաոս սերմանեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։
«Իմ լիակատար համերաշխությունն ու երախտագիտությունն եմ հայտնում իրավապահներին, որովհետև նրանք այնտեղ էին քաղաքացիների, աշխատողների, առևտրականների և բոլոր այն մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, ովքեր իրավունք ունեն ապրելու իրենց քաղաքում առանց վախի և առանց տեսնելու, թե ինչպես է այն այրվում խուլիգանների ավազակախմբերի կողմից։ Մենք ձեզ հետ ենք» – իր խոսքում նշել է Իտալիայի կառավարության ղեկավարը։
Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին Իտալիայում բողոքի ակցիաներ են ընթանում, որոնք կապված են ցածր աշխատավարձերի, կրթության և առողջապահության խնդիրների, ինչպես նաև ռազմական ծախսերի ավելացման դեմ դժգոհության հետ։ Հոկտեմբերի 17-ին մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Միլանում, Հռոմում, Թուրինում և Բոլոնիայում բախումների հետևանքով կան վնասվածքներ ստացած ցուցարարներ և ոստիկաններ։
Նշենք նաև, որ նմանատիպ ակցիաներ են տեղի ունենում նաև Ֆրանսիայում և Ալբանիայում։



