երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է

Այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է

2007 թվականի հունվարի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» խմբագրատան ճանապարհին սպանվեց Հրանտ Դինքը։ 

Մեծացել էր որբանոցում ՝ խնամքին երկու կրտսեր եղբայրները: Հետո իր մանկության որբանոցի խնամատարը դարձավ։

Հայոց ցեղասպանության հարցում, թուրքական իշխանությունների տեսակետին հակադրվելու համար Դինքը բազմիցս հալածանքների է ենթարկվել։ 2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության։

Նա իր մասին ասում էր. «Ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։ Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ։ Եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառներն առնվազն երկու անգամ ավելի են»:

Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ժամանակ խոստովանել է իր մեղքը։ Չնայած նրան, որ Սամաստը խոստովանել է իր մեղքը՝ այնուամենայնիվ Դինքի սպանության բոլոր մանրամասները դեռ չեն բացահայտվել։ Սպանությունից անցել է 13 տարի, բայց դեպքի առթիվ հարուցված դատական գործը դեռ չի ավարտվել։ Դինքի սպանության հրահրման և կազմակերպման մեջ մեղադրվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։

Դինքը սպանությունից երկու օր առաջ հարցազրույց էր տվել ռուսաստանյան ՙՌԻԱ-Նովոստի՚ գործակալությանը: Դա 53-ամյա հայ լրագրողի վերջին հարցազրույցն էր: Aniarc.am-ը հրապարակել է այդ հարցազրույցի հայերեն թարգմմանությունը․

«Հարց- ՙԱկօս՚ թերթում դուք հանդես եք գալիս ի պաշտպանություն Թուրքիայի ոչ միայն հայ, այլև բոլոր փոքրամասնությունների: Չե՞ք վախենում:

Դինք- Իհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ, այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբևէ հետևե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից և պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու: Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել:

Հարց- Դուք երկու անգամ դատարանի առջև կանգնեցիք թուրք ազգը վիրավորելու համար: Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին ևս մեղադրում էին, սակայն, ի տարբերություն ձեզ, նրան չդատեցին: Ինչպե՞ս եղավ:

Դինք- Ինձ դատապարտեցին 6 ամսվա պայմանական ազատազրկման: Ոչ ոք չի կարող գուշակել, թե ինչո՞ւ տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով ինչ-որ մեկին դատում են, իսկ ինչ-որ մեկին՝ ոչ: Այդ հոդվածի ձևակերպումը, որի վերացումը արդարացիորեն պահանջում է ԵՄ-ն, որևէ դատավորի ձեռքերի ազատություն է տալիս: Ուղղակի իմ բախտը չբերեց դատավորի հարցում: Նա ինձ մեղադրեց նրանում, թե իբր պնդել եմ, որ թուրքերի արյունը կեղտոտ է: Ինչը, անշուշտ, լիակատար զառանցանք է»։

Հարցազրույցի շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

 

  • Կիսվել: