շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս ընթացքում այնքան քարտեզի թեման չի շահարկվում, որքան այն, թե ՀՀ-ն իր տարածքն է զիջում․ Հայաստանը զիջելու ոչինչ չունի․ Քոչարյան

Այս ընթացքում այնքան քարտեզի թեման չի շահարկվում, որքան այն, թե ՀՀ-ն իր տարածքն է զիջում․ Հայաստանը զիջելու ոչինչ չունի․ Քոչարյան

Քարտեզների ընտրությունն ամենաբարդ խնդիրն է, որին պետք է հասնել բանակցությունների ընթացքում, քանի որ կան բազմաթիվ քարտեզներ և դրանք էլ անընդհատ փոփոխման կարիք են զգում։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացներին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Քանի որ կարող է գետի հուն փոխվի, սարի հետ կապված փոփոխություններ լինեն, հանքարդյունաբերությունը փոխում է բնական ներկայացվածությունը նաև թղթի վրա, այսինքն՝ քարտեզը միշտ փոփոխվում է։ Հիմա պետական սահման գծելու ծրագիր է իրականացվում՝ հատվածական։

Այս ընթացքում այնքան քարտեզի թեման չի շահարկվում, որքան այն, թե Հայաստանն իր տարածքն է զիջում։ Հայաստանը զիջելու ոչինչ չունի։ Հայաստանի գործող իշխանությունները շարժվում են պարզ սկզբունքով՝ այն, ինչը մերն է՝ մերն է, բայց դա պետք է արձանագրել երկկողմանի համաձայնագրի շրջանակներում։ Դա պետք է ընդունի նաև հակառակ կողմը։ Վերջին հաշվով, եթե կանգնում ենք Ալմա Աթայի հռչակագրի  տրամաբանությամբ՝ այդ հռչակագիրն էլ պետք է ունենա իր քարտեզը։  Սովետական տարիներին ամենահավաստի քարտեզը , որպես կանոն, ունեին Զինված ուժերը, այսինքն՝ Գլխավոր շտաբի քարտեզները  և ոնց որ թե Ադրբեջանը մի պահ  համաձայն էր 1976-ի քարտեզնեը  վերցնել որպես հիմք։ Բայց կան նաև պատմության ընթացքում սովետական տարիների  շատ ավելի մեզ համար  շահեկան քարտեզներ, ասենք՝ 1926-ի քարտեզը, որովհետև իրավական առումով  այդ քարտեզների  բովանդակությունը փոխվել է որոշումների արդյունքում։ Եվ, վերջիվերջո, հիմա ունենք այն  պատկերը, որը  դարձավ պատերազմի առարկա , հիմա եթե գնում ենք խաղաղության, խաղաղությանը միայն մի կողմը չպետք է ձգտի, հակառակ կողմն էլ պետք է ձգտի»։

Քոչարյանը շեշտեց՝ հիմա շատ է շահարկվում, թե այս լուծումներին մենք գնում ենք միակողմանի.«Բացարձակ, միակողմանի չի կարող լինել։ Մենք դեռ անցնելիք ճանապարհ ունենք՝ պարզելու, թե որն է մերը, որը՝ իրենցը»։

  • Կիսվել: