ԱԺ են այցելել ԵԱՀԿ անդամ երկրների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները
Մեր տեղեկություններով՝ այս պահին Ազգային ժողովում են գտնվում ԵԱՀԿ անդամ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանները։
Նրանք խորհդրարան են եկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով։ Ամենայն հավանականությամբ՝ դեսպանները ԱԺ նախագահի հետ քննարկում են վաղը արտահերթ նիստով քննարկման դրված աղմկահարույց նախագծերը, որոնցով փորձում են Սահմանադրության օրենքները ոտնահարելով՝ չեզոքացնել Սահմանադրական դատարանը և լուծարել ՍԴ գործող կազմը։
Նշենք, որ քիչ առաջ ԱԺ-ում երկու հետաձգված փորձից հետո վերջապես տեղի ունեցավ ԱԺ խորհրդի նիստը, որով էլ հաստատվեց վաղվա նիստի օրակարգը՝ երկու խնդրահարույց նախագծերով։
Հիշեցնենք, որ նիստի օրակարգում ընդգրկված են իմքայլական Վահագն Հովակիմյանի հեղինակած ԱԺ կանոնակարգ եւ Հանրաքվեի մասին օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է շրջանցել սահմանադրական փոփոխությունների նախագիծը եզրակացություն ստանալու համար ՍԴ ուղարկելու պարտադիր պահանջը եւ այսօր «Իմ քայլը » խմբակցության 37 պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը , որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ 7 դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարում էին մինչեւ իշխանափոխությունը։