Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ Երևան-Երասխ ավտոճանապարհին «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Շահումյան գյուղի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Վաչե Ս.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Գրիգոր Ա.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հեծանվորդի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Պողոսյանը և Նվեր Հարությունյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։



