երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այս  ....-ները կրկին կառչել են իմ վարորդ, օգնական և ընկեր Արամ Բարսեղյանից. Աշոտյան

Այս ....-ները կրկին կառչել են իմ վարորդ, օգնական և ընկեր Արամ Բարսեղյանից. Աշոտյան

Ուրեմն այս ....-ները (բնորոշումը դուք տվեք) տարիուկես իմ վրա մանրադիտակով “թեմա” փնտրելուց հետո կրկին կառչել են իմ վարորդ, իմ օգնական և իմ ընկեր Արամ Բարսեղյանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա, մասնավորապես նշել է.

«Բոլորդ լավ հիշում եք, թե ինչպես ամռանն Արամին մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին, սակայն մնալով հասարակական կարծիքի և հանրային ճնշումների տակ, այդպես էլ չկարողացան հիմնավորել կալանավորման անհրաժեշտությունը և արձակեցին Արամին:

Հարուցված քրեական գործի շրջանակներում տակնուվրա անելով ամեն ինչ՝ որոշեցին դիմել հաջորդ ստորությանը:

Իր մեղքը ընդունած, պատճառած վնասը ամբողջությամբ փոխհատուցված գործով անցնող մարդուն մեղադրանքով դատարան են տանում մի հոդվածաշար կպցնելով պոչին:

Հիշեցնեմ, որ Արամին մեղադրում են մի քանի տեղ ձևակերպված լինելու և անաշխատ եկամուտ ունենալու մեջ:

Իսկ դե կառավարության ֆեյք-պոակային ինտելեկտն էլ բավարարել է միայն դատախազության հաղորդագրության վերնագրում ճխտել “կոռուպցիա” բառը (լավ է, որ երկու Ց-ով չեն գրում):

Կրկնում եմ հիմնական հարցս՝ եթե Արամը չլինե՞ր իմ ընկերն ու վարորդը, կամ դավաճանության և գործ սարքելու թավշյա մշակույթի շրջանակներում ցուցմունք տար իմ վրա, ապա արդյո՞ք նման գործ կհարուցվեր իր հանդեպ, արդյո՞ք կկալանավորեին, արդյո՞ք վնասը փոխհատուցելուց ու մեղքը ընդունելուց հետո գործը մի շարք հոդվածներով կուղարկեին դատարան:

Իհարկե՝ ՈՉ: Պարզապես նման էշ ձևի որոշել են ինձ իբր վատություն անել:

Հա, անաշխատ եկամուտների մասով ուժներդ մենակ նախկին նախարարի վարորդի վրա որ չպատի, հուշեմ գլխից հոտած մի քանի ձկան մասին:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ընտրվելուց հետո չի մասնակցում Սահմանադրական Դատարանի աշխատանքներին ու ստանոմ է ամսական մեծ գումարներ, բենզին և այլն, արդեն մի քանի միլիոնն անցնող:

Ձեր բազմաթիվ ծակ-պրոֆեսոր նախարարները փետրվար ամսից գաղտնի կրկնապատիկ փող են ստանում՝ փաստացի իրական աշխատանքով չզբաղվելով:

Իսկ դե ձեր ԱԺ-ն էլ իր չաշխատելու համար 10 ամսում 14 անգամ պարգևավճար է ստացել:

Աննա Հակոբյանի անձնական վարսավիր-ստիլիստի վրա պետական բյուջեի հաշվին արած ծախսերն էլ չմոռանաք: Слабо?»:

Հիշեցնենք, որ ավարտվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու ու վատնման օժանդակության առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ 2009-2014թթ. ՀՀ կրթության և գիտության նախարարի (այդ տարիներին նախարար է աշխատել Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը) վարորդի, ապա մինչև 2016թ. օգնականի պաշտոնն զբաղեցնող Ա.Բ.-ն 2009-2016թթ. ընթացքում առանձին դրվագներով փաստաթղթեր ներկայացնելու, ստորագրելու և գումար ստանալու միջոցով օժանդակել է «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Վ.-ի, «Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ն. Ա.-ի, «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գ.-ի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման եղանակով ուրիշի խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությանը, ինչպես նաև՝ 2016-2017թթ. ընթացքում «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ից խարդախությամբ կատարել է խոշոր չափերի գումարի հափշտակություն:

Մասնավորապես, վերջինս, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ. դիմել է «նշված ուսումնական հաստատությունների ղեկավարներին, նրանց հրամաններով տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունվել որպես նշված ուսհաստատությունների բանվոր, պահակ կամ վարորդ: Այդ ընթացքում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, համապատասխան փաստաթղթերում կազմակերպությունների տարբեր աշխատակիցների մասնակցությամբ հակառակի վերաբերյալ կեղծ տվյալների ներառմամբ, ստորագրել է աշխատավարձի վճարման ցուցակներում և աշխատավարձի, այլ վճարումների ձևով ստացել, տնօրինել իր անվամբ հաշվարկված և դուրսգրված ընդհանուր 9․6 մլն ՀՀ դրամ գումարը:

Քրեական գործը Ա․Բ.-ի (ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետ, 38-179-ի 2-մասի 1-ին և 3-րդ կետեր (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) և Գ․Գ.-ի (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 314-րդ հոդվածի 1-ին մաս) մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցվել է պետությանը պատճառված վնասը։

Միաժամանակ, նույն քրեական գործով պաշտոնեական անփութության, պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի հափշտակության, պաշտոնական փաստաթղթերի կեղծման հանցավոր արարքներ կատարելու կապակցությամբ որոշումներ են կայացվել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարի, «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, նույն ՊՈԱԿ-ի նախկին պարետի, «Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ուսումնական գծով նախկին տեղակալի, կադրերի նախկին տեսուչի, «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահի, կադրերի տեսուչի և կարիերայի ուղղորդման պատասխանատուի, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրենի տեղակալի, նույն ՊՈԱԿ-ի վարորդի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու, անձանց մահվան, համաներման ակտի կիրառման հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին։

ՀՀ դատախազությունում քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ հանցավոր դրսևորումների հիմնական պատճառ են դարձել ուսումնական հաստատությունների վարչատնտեսական լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձանց կողմից գրեթե նույնպիսի սխեմաների կիրառմամբ իրենց ծառայողական պարտականությունները ոչ միայն ոչ պատշաճ կատարելու, այլ նաև ի չարն օգտագործելու հանգամանքները: Հաշվի առնելով այդ փաստը՝ ՀՀ գլխավոր դատախազի կից գրությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ներկայացվել է միջնորդագիր՝ նախարարության ենթակայությամբ գործող վերը նշված, ինչպես նաև այլ ուսումնական հաստատություններում պարզված հանցավոր դրսևորումներին նպաստած թերությունները, խնդիրները վերացնելու, հետագայում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց արդյունքների մասին ՀՀ դատախազությանը հայտնելու վերաբերյալ:

  • Կիսվել: