Այս մարդիկ սրբություն չունեն, ստելու հետ որևէ խնդիր չունեն՝ խղճի, գիտակցության, հայրենասիրության. Ռոբերտ Քոչարյան
«Այս իշխանությունը չի կատարել ոչ մի խոստում, իրականում չկա որևէ կետ, որ այս ինշխանությունը կարող է վերցնել և թմբկահարել, որ խոստացել և արել է։ Զրոյական արդյունք։ Այս մասին այսօր արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այս իշխանության շրջանակում չկան մարդիկ, որոնք հեղինակություն են վայելում իրենց փողոցում, շենքում, բակում, ուղղակի չկան։ Մարդիկ, որոնք համակերպվել են ուսապարկ լինելու կարգավիճակի հետ, և այդ մարդիկ պետք է համոզեն մեր քաղաքացիներին, որ երկրի ապագան հուսալի ձեռքերում է։
Չեմ կարծում, որ սա որևէ հեռանկար ունի իրենց համար։ Եվ իհարկե՝ այս պատերազմի աղետալի հետևանքները։ Այսպես այս պատերազմը չպետք է ավարտվեր։ Սա իմ խորին համոզմունքն է և սրա համար մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։
Ի՞նչն է դժվարեցնում մեր աշխատանքը․ այս մարդիկ սրբություն չունեն, այս մարդիկ ստելու հետ որևէ խնդիր չունեն՝ խղճի, գիտակցության, հայրենասիրության։ Այս մարդիկ համադրելի չեն իշխանական կառույցում որևէ դերակատար լինելու հետ։ Բայց, այնուամենայնիվ, մենք ունենք մեր ժողովրդի, մեր քույր ու եղբայրների մի զանգված, ես համարում եմ՝ մոլորված, որը դեռ հավատում է։
Ու ամենադժվար աշխատանքը լինելու է այդ մարդկանց համոզել, դարձի բերել։ Դժվար է լինելու, որովհետև մարդիկ ժամանակին ոգևորությամբ (որն արդարացված էր, իմ համզոզմամբ), մասնակցել են 2018 թվականի փոփոխություններին, և այսօր չեն կարողանում, չեն ուզում, դժվարանում են ընդունել, որ այս ամենը բերեց երկրի համար աղետալի հետևանքների։ Մենք պետք է այդ մարդկանց օգնենք ընտրել ճիշտ ճանապարհը։ Իսկ այդ ճանապարհը հայրենասիրությունն է, Հայաստանի Հանրապետությունն է, մեր ժողովուրդը՝ իր ազգային շահով՛՛։
Դիմելով ներկաներին՝ Քոչարյանն ասել է, որ իրենք իրենց հույսը կապում են նրանց հետ՝ տեսնելով նրանց աչքերում վճռականություն և ամեն ինչ փոխելու տրամադրություն։
ՀՀ երկրորդ նախագահը նաև վստահեցրել է, որ ամեն ինչ լավ է լինելու: