երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս մարդիկ չէին ուզում հեղափոխություն անել, չէին ուզում ժողովրդի վիճակը լավացնել, Մարության

Այս մարդիկ չէին ուզում հեղափոխություն անել, չէին ուզում ժողովրդի վիճակը լավացնել, Մարության

Այս մեր «հեղափոխական» իշխանությունը, ի դեմս նաև Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ժամանակ ասում էր, որ սա ավտորիտար պետություն է, կոռուպցիա կա, ամեն ինչ վերևից է որոշվում, արգելում են և այլն, սակայն հենց այդ իշխանությունների օրոք Նիկոլ Փաշինյանը մուտք գործեց ռադիոյի շենք, ընդ որում՝ ոչ մի իրավունք չունենալով, և այդ մասով ոչ մի քրեական հետապնդում չի եղել։ Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, Երևանի քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շեշտելով, որ այն ժամանակ պայքարում էին նրա դեմ, որ չեն թողնում ժողովուրդը մտնի շենք, պայքարում էին, որ ընդունելություն լինի, հանրային գերակա շահ լինի, մինչդեռ այսօր իրեն չեն թողնում ներկա գտնվել Երևանի ավագանու նիստին, ինչն օրենքի խախտում է։

«Սա շատ հստակ արձանագրում է, որ այս մարդիկ չէին ուզում հեղափոխություն անել, չէին ուզում ժողովրդի վիճակը լավացնել, իրենք դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, իրենք ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի տեղում լինել։ Իրենք չէին ուզում, որ ՀՀԿ-ն գնա, որ լավ լինի: Այլ ուզում էին, որ իրենք զբաղեցնեին նրանց տեղը, վայելեն կոռուպցիան և ամեն ինչ», - նշեց Մարությանը։

«Մեր այսօրվա իշխանությունները պետք է հիշեն, որ իրենք հավերժ չեն: ՀՀԿ-ն ու ՀՀՇ-ն էլ էին մտածում, որ հավերժ են: Դուք ժողովրդին բառացի խաբել եք», - ընդգծեց նա:

  • Կիսվել: