Այո, ռեալ է, որ Վենսի այցի արդյունքում հայ գերիներն ազատ արձակվեն. Նման հնարավորություն տեսնում եմ. Սիրանուշ Սահակյան
Նախ պետք է հասկանանք, որ գերիների ազատ արձակման խնդիրը ամբողջովին չի գտնվում ամերիկյան իշխանությունների տիրույթում, նրանք տիրապետում են լծակների գործիքակազմի, որի շնորհիվ Ադրբեջանի իշխանությունների հետ աշխատանքում կարող են ապահովել գերիների ազատ արձակումը, բայց այս խնդրի լուծումը բազմակողմ քննարկումներ և բանակցություններ է ենթադրում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ Երևանից Բաքու մեկնելիս, «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լրագրողներին հայտնեց, որ Բաքվում անպայման կբարձրացնի հայ գերիների հարցը։
«Կարծում եմ՝ որոշումը պետք է կայացնեն Ադրբեջանի իշխանությունները, սակայն այդ որոշման վրա կարող են իրատեսականորեն ներազդել ամերիկյան իշխանությունները և, իհարկե, չափազանց կարևոր է նաև Հայաստանի իշխանությունների դերը որպես պահանջատեր կողմ։ Սեփական քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հանձնառության համատեքստում պետք է հարցերը իրենց քննարկումները ստանան, ուստի քանի դեռ գործընթացը չի հասել այն կրիտիկական կետին, որտեղ հասունացել է այդ որոշումը, հարցի արծարծումը հանրային կամ բազմաթիվ քննարկումները այնքան էլ գործնական չեն»,–ասաց նա։
Սիրանուշ Սահակյանը դրական գնահատեց, որ հայաստանյան իրավապաշտպան կառույցները, հասարակական կառույցները միասնական մոտեցում ցուցաբերեցին, խնդիրը բարձրաձայնեցին. «Ավելին այն ուղղակի կերպով կապեցին խաղաղության գործընթացի հետ և գերիների ազատ արձակումը դիտարկեցին որպես խաղաղության նպատակով վստահության վերականգնման էական բացառիկ միջոց և հստակ կոչ, խնդրանք ձևակերպեցին ամերիկյան վարչակազմի ներգրավմամբ հասնել այդ հարցի լուծմանը։
Այսինքն այցելության շրջանակում տեսանելի էր, որ քաղաքացիական դաշտը, հանրային ձայնը հստակ և միանշանակ է գերիների վերադարձի հարցում ԱՄՆ–ին ուղղված հետևողական պահանջի մասով։
Ցանկալի էր, որ լսեցինք հրապարակային հանձնառություն, որ խնդիրը բարձրաձայնվելու է Բաքվում։ Ենթադրում եմ, որ դա լինելու է քննարկում ոչ միայն Բաքվի իշխանությունների հետ, այլ նաև ամերիկյան որոշումների կայացման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձանց շրջանակում, և այս քննարկումների արդյունքում հնարավոր կլինի հասունացնել այդ լուծումը, որ հնարավորինս սեղմ ժամկետում հայ գերիները բոլորը վերադարձվեն հայրենիք»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ այս երկու օրերին որևէ հանդիպման ժամանակ ոչ մի խոսք չհնչեց գերիների թեմայով, Սիրանուշ Սահակյանը նկատեց, որ ԱՄՆ փոխնախագահն իրավասու չէր հրապարակային ասել, որ այո, խնդիրը կլուծեմ, դա բավականին լուրջ հանձնառություն կլիներ. «Եթե բոլոր կողմերի դիրքորոշումները համաձայնեցված չեն, նման հրապարակային խոստում տալը անտեղի է, եթե դրան չհետևեին կոնկրետ քայլեր։ Սա ընդամենը կարող էր հեղինակազրկել պաշտոնատար անձին»։
Խճտող հարցին՝ ռեա՞լ է, որ Վենսի Բաքու այցի արդյունքում գերիներ կվերադարձվեն, նա դրական պատասխան տվեց. «Այո, մենք նման հնարավորություն տեսնում ենք։ կարծում ենք՝ այս այցելությունը կարևոր առիթ էր խնդիրը բարձրաձայնելու համար և ամերիկյան ջանքերով պետք է հասնենք այդ խնդրի լուծմանը»։
Նշենք, որ Զվարթնոց օդանավակայանից Բաքու մեկնելիս Վենսը լրագրողներին հայտնեց, որ անպայման կբարձրացնի հայ գերիների հարցը Բաքվում։


