Այն, ինչ որոշակի զիջման արդյունքում ընդունելի է դառնում ՀՀ-ի համար, անընդունելի է դառնում Ադրբեջանի համար. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղում պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից: Այդ մասին եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ նրանք խնդիր էին դրել՝ բլիցկրիգով վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը: «Եվ, իրենց հաշվարկներով, այդ պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր, բայց Լեռնային Ղարաբաղը կանգուն է, շարունակում է պայքարել և շարունակելու է պայքարել՝ իր իրավունքների համար: Որովհետև սա իսկապես ոչ թե տարածքի վեճ է, սա իրավունքի վեճ է, որովհետև հայերը Լեռնային Ղարաբաղում ապրել են հազարամյակով, այդ ողջ ընթացքում եղել են մեծամասնություն: Լեռնային Ղարաբաղում կա ահռելի հայկական մշակութային ժառանգություն՝ 5-րդ դարի եկեղեցի, 8-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ հայկական առաջին դպրոցը հիմնադրվել է Լեռնային Ղարաբաղում:
«Եվ պատերազմը, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի դիմակայունությունն է արձանագրել այս փուլում և արձանագրել է Թուրքիայի կայսերական քաղաքականությունը: Որովհետև շատ կարևոր է նաև արձանագրել, որ հարցը հիմա զուտ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հարցի տրամաբանությունից և շրջանակից: Եվ Թուրքիան այստեղ եկել է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերական քաղաքականությունը շարունակելու: Այստեղ տեղի ունեցողը շարունակությունն է այն քաղաքականության, որ Թուրքիան վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում:
Եվ իմ արձանագրումը կրկին մեկն է՝ որ դա կայսերական քաղաքականություն է, որովհետև Հարավային Կովկասում, ըստ էության, հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իրենց կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք: Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձել է նաև հարցին, ըստ որի՝ այս պատերազմն ագրեսիայի նոր մակարդակի բարձրացավ իր իշխանության գալուց հետո և կա՞ արդյոք մի բան, որը նա կարող էր անել՝ դա կանխելու համար:
«Իրավիճակն իրականում չի փոխվել սկսած 2011 թվականից: Խնդիրն այն է, որ հարցը հնարավոր է լուծել փոխզիջումով, և 2011 թվականից մենք ի՞նչ իրավիճակ ունենք: Բնականաբար, փոխզիջում նշանակում է համաձայնվել մի բանի, որն ի սկզբանե այդքան էլ ընդունելի չէ քեզ համար: Եվ 2011 թվականից մենք ունենք այսպիսի դինամիկա: Այն, ինչ որոշակի զիջման արդյունքում ընդունելի է դառնում Հայաստանի համար, հենց այդ պահից անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և Ադրբեջանն ակնկալում է, որ հայկական կողմը, Ղարաբաղը ավելի շատ զիջի: Սա է Ձեր ասած ագրեսիվության բռնկման պատճառը: Որովհետև, իհարկե, փոխզիջում, բայց չեն կարող, մի կողմից (Հայաստան- հեղինակի կողմից), այդ զիջումները լինել անվերջ, իսկ, մյուս կողմից (Ադրբեջան- հեղինակի կողմից), չշարժվեն ընդհանրապես միայն այն պատճառով, որ մի կողմն ավելի շատ փող ունի՝ ավելի շատ զենք գնելու համար»,-ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը հարցին պատասխանել է նաև հետևյալ կերպ: «Ի՞նչը կարող էի այլ կերպ անել, որպեսզի այս պատերազմը տեղի չունենար: Ես կարող էի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահն ընդհանրապես չպաշտպանել, զիջել: Բայց արդյոք դա կկանխե՞ր պատերազմը: Այս տրամաբանությամբ՝ ոչ:
Որովհետև այդ զիջման նվազագույն կետում Ադրբեջանը պետք է պահանջեր ավելին: Ես վերջերս զուգահեռ բերեցի Մյունխենի համաձայնագրի և մեր իրավիճակի միջև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ: Եվրոպայի տերությունները մտածում էին, որ երբ Չեխոսլովակիան զիջեն Հիտլերին, կհագեցնեն նրա ախորժակը, և պատերազմը տեղի չի ունենա: Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրա արդյունքում՝ Հիտլերը կուլ տվեց Չեխոսլովակիան: Եվ գործեց մյուս ասացվածքը՝ երբ ասվում է, որ «ախորժակն ուտելիս է բացվում»:
Այո, եթե Չեխիան չզիջեին եվրոպական լիդերները, և պատերազմ սկսեր, Ձեզ նման լրագրողներ կհավաքվեին ու կասեին՝ դուք ի՞նչ չարեցիք, Չեխիան չզիջեցիք, մի Չեխիայի պատճառով ամբողջ Եվրոպան, աշխարհը մտցրեցիք պատերազմի մեջ: Եվ նրանք էլ գլուխները կախ կասեին՝ հա երևի պետք էր Չեխիայի հարցում մի քիչ ավելի ճկուն լինել: Եղան ճկուն, դա ի՞նչ բերեց: Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին»: