կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Այլ երկրների դեսպանատները թող զբաղվեն իրենց երկրների խնդիրներով․ Արման Բաբաջանյան

Այլ երկրների դեսպանատները թող զբաղվեն իրենց երկրների խնդիրներով․ Արման Բաբաջանյան

Տիգրան Հակոբյանի հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցների ոչ պատասխանատու աշխատանքի պատճառով, տարընթերցումների տեղիք տվեց։ Սա էլ պատճառ հանդիսացավ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդես գա հայտարարությամբ՝ Տիգրան Հակոբյանին մեղադրելով հակառուսականության մեջ։ Այս մասին գրում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Քանի որ սերտորեն ներգրավված եմ այս հույժ կարևոր խնդրի օրենսդրական կարգավորման աշխատանքներում որոշեցի անդրադառնալ։

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի վերջին մամուլի ասուլիսը, նաև զանգվածային լրատվության միջոցների ոչ պատասխանատու աշխատանքի պատճառով, տարընթերցումների տեղիք տվեց՝ տեղափոխվելով ընդհուպ միջպետական հարաբերությունների պարզաբանման հարթություն: Իրականում Տիգրան Հակոբյանը, խոսելով երկրում տեղեկատվական և լեզվական անվտանգության խնդիրների մասին, անդրադարձել էր Հայաստանի ազգային մուլտիպլեքսում հեռարձակվող օտարերկրյա հեռուստաընկերությունների հարցին՝ նկատի ունենալով ինչպես ռուսական, այնպես էլ, օրինակ, ամերիկյան հեռուստաընկերություններին:

Նրա հայտարարությունները մամուլի կողմից ներկայացվեցին հիմնականում համատեքստից դուրս՝ թողնելով տպավորություն, թե իբրև Տիգրան Հակոբյանը հայտարարել է, որ Հայաստանում պետք է դադարեցվի հակավրացական և հակաուկրաինական ուղղվածություն ունեցող ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը:

Սա առիթ դարձավ, որպեսզի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հանդես գա հայտարարությամբ՝ Տիգրան Հակոբյանին մեղադրելով հակառուսականության մեջ: Ռուսաստանի դեսպանատունը, իր գործունեության ոճին հավատարիմ, հերթական անգամ իրեն թույլ տվեց խառնվել Հայաստանի ներքին կյանքին՝ գնահատականներ հնչեցնելով մի հարցի առնչությամբ, որը գտնվում է մեր երկրի ինքնիշխանության ու իրավասության տիրույթում: Ռուսաստանի դեսպանատան արձագանքը, ինչպես միշտ, միակողմանի էր, մանիպուլյատիվ ու դուրս էր դիվանագիտական ու քաղաքական էթիկետից: Խնդիրն իրականում շատ ավելի խորքային է, և Ռուսաստանը կամ Ռուսաստանի դեսպանատունը չէ, որ մեզ պետք է ուղղորդի ինչպես լուծել այն: Տիգրան Հակոբյանը միանգամայն իրավացիորեն այդ հարցին անդրադարձել էր երկրի տեղեկատվական ու լեզվային անվտանգության համատեքստում: Եվ այդ համատեքստում, այո, վտանգ են ներկայացնում ինչպես հակավրացական ու հակաուկրաինական քաղաքականությամբ աչքի ընկնող ռուսական հեռուստաընկերությունները, այնպես էլ, օրինակ, հակաիրանական քարոզչություն իրականացնող ամերիկյան CNN-ը:

Այսինքն՝ խնդիրը համակողմանի է և ունի ոչ թե արտաքին քաղաքական ուղղվածություն, ինչպես փորձ է արվում ներկայացնել նույն Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ, այլ առնչվում է Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը: Եվ այդ խնդիրը պետք է լուծվի միայն ինստիտուցիոնալ ու օրենսդրական կարգավորումների ճանապարհով:

Ներկայումս Ազգային ժողովում իմ համահեղինակությամբ շրջանառվում է ազգային մուլտիպլեքսի կանոնակարգմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն, որն ուղղված է նաև վերոնշյալ խնդիրների լուծմանը: Մենք ունենք տեղեկատվական անվտանգության խնդիր և կլուծենք այդ խնդիրը մեր ազգային օրենսդրության շրջանակներում: Իսկ այլ երկրների դեսպանատները թող զբաղվեն իրենց երկրների խնդիրներով և իրենց թույլ չտան ներքաշվել մեր ինքնիշխանության տիրույթում գտնվող հարցերի մեջ»,- մասնավորապես գրել է Բաբաջանյանը և հրապարակել Տիգրան Հակոբյանի ասուլիսի տեսանկարահանումը։

  • Կիսվել: