հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

Հայաստանի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», - ասաց նա:

Նա նշեց, որ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքից ղազախստանյան դեպքերին հույսեր եղել են, որ այդ մեխանիզմները հետագայում ևս կաշխատեն, սակայն ադրբեջանական ագրեսսիայի ֆոնին ՀԱՊԿ-ի դրսևորած վարքագիծը այդ հույսերը հօդս է ցնդեցրել: "Այդպիսի հույս այլևս չկա, միայն  առարկայական քայլերի դեպքում կարող ենք համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում",- նշել է նա:

Ըստ Գրիգորյանի քայլերը կարող են լինել բազմազան: "Գիտեք, որ միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ ունի` ռազմաքաղաքականից սկսած, դիվանագիտական, տնտեսական: Իհարկե, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, բնականաբար, չունի նաև տնտեսական գործիքներ, բայց ունի ռազմաքաղաքական գործիքներ, և այդ ռազմաքաղաքական գործիքներով հնարավոր է այդ հարցը լուծել",- ընդգծել է Գրիգորյանը: Անդրադառնալով Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին կոչերին` նա նշել է, որ այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը:

Գրիգորյանը նաև նշել է, որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալ և փորձում է ագրեսիայի միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել: "Ընդհանուր առմամբ, առաջխաղացում երեք օրվա ընթացքում եղել է, և Հայաստանի պահանջը շարունակում է մնալ այն, որ ադրբեջանական զորքերը դուրս քաշի երկրի  սուվերեն տարածքից",- ընդգծեց ԱԽ քարտուղարը` հավելելով դուրս գալ նշանակում է անցյալ  տարվա մայիսի 12-ից առաջվա ելման դիրքերին վերադառնան: 

Անդրադառնալով հրադադարին` նա հույս հայտնեց, որ այն պետք է երկարաժամկետ լինի: "Բայց մենք այդ վստահությունն այս պահին Ադրբեջանի կողմից չունենք, որովետև ընդհանուր առմամբ հրադարարի համաձայնագիր նաև նոյեմբերի 9-ով է եղել, բայց Ադրբեջանը շարունակել է խախտել և՛ նոյեմբերի 9-ը, և՛ հրադադարի բոլոր պայմանավորվածությունները: Հրադադարի ժամանակային որևէ պայմանավորվածություն չի եղել, բայց Ադրբեջանը շարունակում է ռազմական էսկալացիայի տրամաբանության մեջ քայլեր ձեռնարկել",- նկատեց ԱԽ քարտուղարը:

Նա նաև հավաստեց, որ հրադադարի համար Հայաաստանի առջև որևէ պայման չի դրվել:

  • Կիսվել: