Արմեն Սարգսյանն ասել է, որ դեմ էր 2015թ. սահմանադրական փոփոխություններին
Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ դեմ էր 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին:
Նախկին նախագահի այս խոսքերը մեջբերել է Daily Bruin պարբերականը՝ Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Բարքլ կենտրոնում Արմեն Սարգսյանի կարդացած դասախոսության մասին պատմող հոդվածում:
Ըստ հրապարակման, Արմեն Սարգսյանն ասել է, որ ընդդիմանում էր 2015 թվականի փոփոխություններին, քանի որ «Սահմանադրությունը հիմնականում գրվել էր գերմանացի խորհրդատուների կողմից»: Նա նշել է, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ առկա տարբերությունների պարագայում խորհրդարանական կառավարման համակարգը հարմար չէր Հայաստանի համար:
«Բոլորի համար նույն կաղապարը չի կարող հարմար լինել։ Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր մշակույթը, իր ինքնությունը։ Հայերը գերմանացիներ չեն», - ասել է Արմեն Սարգսյանը:
Մեդիամաքսը նշում է, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի թեկնածու էր դարձել (եւ հետագայում ստանձնել էր այդ պաշտոնը) սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանի հրավերով, որը դրանց արդյունքում նախագահական երկու ժամկետներից հետո ստանձնելու էր վարչապետի պաշտոնը: