ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արման Եղոյանը Հունաստանի խորհրդարանի ներկայացուցչի հետ քննարկել է ներկա անկայուն աշխարհքաղաքական իրավիճակը

Արման Եղոյանը Հունաստանի խորհրդարանի ներկայացուցչի հետ քննարկել է ներկա անկայուն աշխարհքաղաքական իրավիճակը

Այսօր Աթենքում հանդիպել եմ Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել  է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հանդիպման մեկնարկին երկուստեք անդրադարձանք հայ-հունական հարաբերությունների ջերմ պատմական ընթացքին և համոզմունք հայտնեցինք, որ եղբայրական ժողովուրդների միջև կապերը գնալով էլ ավելի կխորանան: Պարոն Գյուլեկասը իր շնորհավորանքը հղեց մեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության կապակցությամբ և մեզ փոխանցեց խորհրդարանի նախագահի և իր գլխավորած հանձնաժողովի անդամների ողջույնները:

Հանդիպման ընթացքում քննարկեցինք ներկա անկայուն աշխարհքաղաքական իրավիճակը, Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը, առանձին և ընդհանուր անվտանգային մարտահրավերները: Գործընկերս կարևորեց մշակութային ժառանգության պահպանման հիմնահարցը, դատապարտեց հայ ռազմագերիների` մինչ օրս Ադրբեջանում գտնվելու հանգամանքը և այդ համատեքստում շեշտեց միջազգային հանրության ադեկվատ արձագանքի կարևորությունը:

Խոսեցինք նաև հայկական սփյուռքի, նրա դերի ու ներուժի մասին:
Հանդիպմանը ներկա էին և խոսքով հանդես եկան Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը և Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Տեղեկացնեմ, որ այցն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակներում` Հունաստանի, Իտալիայի և Հայաստանի խորհրդարանների համատեղ ջանքերով՛՛:

  • Կիսվել: