կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արման Բաբաջանյանից ստացել եմ առաջարկ՝ իր կուսակցությամբ ընտրություններին մասնակցելու. Ստյոպա Սաֆարյան

Արման Բաբաջանյանից ստացել եմ առաջարկ՝ իր կուսակցությամբ ընտրություններին մասնակցելու. Ստյոպա Սաֆարյան

Մի քանի օր առաջ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամների հետ Տավուշի մարզում էր:

 
 

«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամների հետ Տավուշում էր նաև Հանրային խորհրդի նախագահ Ստոյապա Սաֆարյանը, որի քույրը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը, չնայած նրան, որ կուսակցական չէ, խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է Արման Բաբաջանյանի կուսակցությամբ:

ՀԺ-ի այն հարցին՝ ինքն է՞լ է ընտրություններին մասնակցելու «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ, Ստյոպա Սաֆարյանն ասաց.

«Ես արդեն Տավուշում էի, երբ «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները եկել էին Տավուշ, այդպես ես էլ միացա նրանց: Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցելուն, այո՛, ես պարոն Բաբաջանյանից առաջարկ ստացել եմ, դրա համար շատ շնորհակալ եմ»:

Սաֆարյանը նշեց, որ քաղաքականություն վերադառնալու հարցում որոշ խնդիրներ է տեսնում.

«Այդ պատճառով դեռ պետք է լուրջ որոշումներ կայացնեմ: Վերջնական որոշում չունեմ ես: Չեմ կարող ասել, թե մերժել եմ նրանց, կամ մասնակցության տարբերակը լավագույնը չէ»:

Ճշտող հարցին՝ եթե որոշում կայացնի մասնակցել արտահերթ ընտրություններին, ապա «Հանուն Հանրապետության» կուսակցության հե՞տ, Ստյոպա Սաֆարյանն ասաց՝ այո.

«Մոտ օրերս վերջնական որոշում կկայացնեմ»,- եզրափակեց Հանրային խորհրդի նախագահը:

Նշենք, որ Ստյոպա Սաֆարյանը եղել է 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր «Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակով:

  • Կիսվել: