երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արհեստավարժության ապահովման տեսանկյունից կարող են առաջանալ խնդիրներ. ԱԺ եզրակացությունը՝ Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ

Արհեստավարժության ապահովման տեսանկյունից կարող են առաջանալ խնդիրներ. ԱԺ եզրակացությունը՝ Հայկ Սարգսյանի նախագծի վերաբերյալ

ՀՀ ԱԺ պետաիրավական փորձաքննության բաժինը եզրակացություն է հրապարակել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ:

Փորձաքննությունը նշում է, որ նախագծի կարգավորումներից հասկանալի չէ, թե որն է արագացված ընթացակարգով զինվորական ծառայության ներգրավվելու հիմքը:

«Նախագիծը պարունակում է կարգավորումներ միայն քաղաքացու կողմից դիմում ներկայացնելու և ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արագացված ընթացակարգով զինվորական պատրաստություն անցնելու թույլտվություն տալու մասին հրամանի ընդունման վերաբերյալ, մինչդեռ հիմքը, որով անձը համարվելու է զինվորական ծառայությանը ներգրավված, բացակայում է: Բացակայում են նշված հարցին վերաբերելի կարգավորումները նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավաճակի մասին» օրենքում», - նշված է եզրակացության մեջ:
 

Նշվում է, որ նախագծի արդյունքում զինվորական ծառայության տեսակների ցանկին ավելացվում է զինվորական ծառայության տեսակ՝ արագացված ընթացակարգով, որը չի համապատասխանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինվորական ծառայությանը ներկայացվող պահանջներին, որի արդյունքում այդ ընթացակարգով ծառայությունը չի կարող համարվել զինվորական, հետևաբար նաև սահամանադրական պարտականության կատարման ձև:

Եզրակացությունը նաև խնդրահարույց է համարում նախագծով առաջարկվող զինծառայության ժամկետի հետ կապված, որը հիշեցնենք, ըստ նախագծի հեղինակի, պետք է լինի մեկ ամիս:

«Փաթեթով նախատեսվող զինվորական ծառայության տեսակը պարունակում է կարգավորում այդ ծառայության մեկ ամիս ժամկետով լինելու վերաբերյալ, որի ընթացքում զինվորական ծառայության իրավունք ունեցող անձը պետք է սովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը: Մինչդեռ զինվորական ծառայության կազմակերպման սկզբունք է համարվում զինծառայողների արհեստավարժությունը: Կարծում ենք, որ մեկամսյա ժամկետում արհեստավարժության ապահովման հնարավորության տեսանկյունից ևս կարող են առաջանալ խնդիրներ:

Առաջարկում ենք նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանությունն ապահովելու նպատակով, արագացված ընթացակարգով զինվորական ծառայության համար սահմանել այնպիսի չափանիշներ, որոնք հնարավորություն կտան Օրենքին համապատասխան այդ ծառայությունը լիարժեքորեն դիտարկել որպես զինվորական ծառայություն և դրանով իսկ ապահովել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահամանադրական պարտականության կատարումը», - ասված է եզրակացության մեջ:

Նշենք, որ օրենքի նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում կքննարկվի դեկտեմբերի 26-ին՝ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

  • Կիսվել: