Արցախում ռուս խաղաղապահներն համապարփակ զորավարժություններ են անցկացրել
Ռուս խաղաղապահներն ընթացիկ մարտական վարժանքների շրջանակներում Արցախում անցկացրել են համապարփակ զորավարժություն՝ «Հյուսիս» պատասխանատվության գոտու դիտակետերում հրադադարի հնարավոր խախտումները կանխելու և դիտակետերի անվտանգությունն ապահովելու սցենարով:
Զորավարժությունների ընթացքում խաղաղապահների անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունները կանխելու և դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները: Լուրը հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Խաղաղապահ առաքելության իրականացման արդյունավետությունը մեծապես կախված է զինծառայողների մասնագիտական կարևոր որակների ձևավորման մակարդակից: Հոգեբանական վերապատրաստման միջոցառումները ներդրված են դիտակետի առօրյա պարտավորությունների մեջ և ուղղված են սեփական հոգեհուզական վիճակի, դիտարկման, ուշադրության, գնահատման և գործողությունների օպտիմալացման հմտությունների զարգացմանը»,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆոմինը և հավելել. «Այս զորավարժանքներն ուղղված են տարբեր իրավիճակներում հրաձիգի նշանառության հմտությունների զարգացմանը, այդ թվում նաև՝ անհարթ տեղանքով շարժվելիս և դժվար տեսանելիության պայմաններում»:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ազդանշան ստանալով՝ խաղաղապահները հնարավորինս արագ քայլեր են ձեռնարկել տեղանքից հեռանալու և նախապես վերազինված դիրքերում պաշտպանական դիրքեր գրավելու նպատակով: Զինծառայողների պաշտպանությունն ուժեղացնելու համար ներգրավվել են BTR-82A զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահների ստորաբաժանումները կառավարվում են ժամանակակից «Ազարտ» ռադիոկայանների օգնությամբ, որոնք ազդանշաններ են փոխանցում պաշտպանված կապի ուղիներով: