երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի տարածքի բռնազավթումն ու հայերի էթնիկ զտումը չեն կարող դիտվել որպես հակամարտության վերջնական լուծում. «Հայաստան»-ի պատգամավորները՝ ԵԽԽՎ ներկայացուցիչներին

Արցախի տարածքի բռնազավթումն ու հայերի էթնիկ զտումը չեն կարող դիտվել որպես հակամարտության վերջնական լուծում. «Հայաստան»-ի պատգամավորները՝ ԵԽԽՎ ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանն ու Էլինար Վարդանյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ:

Խմբակցության պատգամավորներն արժեւորել են համազեկուցողների` ԵԽԽՎ-ում հայանպաստ գործունեությունը, շեշտադրել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախում իրականացրած ցեղասպանության եւ հայրենազրկման, Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական զավթիչ ուժերի առկայության միջազգային հանցագործության փաստերը:

Պատգամավորները ներկայացրել են Արցախի հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ իրենց մոտեցումները: Մասնավորապես, նշվել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի տարածքի բռնազավթումը եւ բնիկ հայ ազգաբնակչության էթնիկ զտումը որեւէ կերպ չեն կարող դիտվել որպես հակամարտության վերջնական լուծում:

«Հայաստան» խմբակցության անդամները համազեկուցողներին ներկայացրել են նաեւ Հայաստանում քաղաքական հետապնդումների, ժողովրդավարության ոտնահարման, մարդու իրավունքների խախտման դեպքերը, հատկապես անդրադառնալով, իրենց կարծիքով, քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ շինծու քրեական գործեր հարուցելուն, դատարանների կողմից կալանքը որպես պատիժ կիրառելուն, փաստաբանների առջեւ հարուցած արգելքներին, հավաքների, խոսքի եւ մամուլի ազատությունը սահմանափակելու դեպքերին, անկախ եւ ինքնավար պետական մարմինները քաղաքականացնելուն եւ իշխանությունների կողմից դրանք յուրացնելուն, ինչպես նաեւ երկրում միահեծան կառավարում հաստատելու փորձերին, Սահմանադրությամբ խորհրդարանական ընդդիմությանը վերապահված իրավունքներն անտեսելուն:

  • Կիսվել: