ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ. պատգամավոր

Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ. պատգամավոր

Մենք տևական ժամանակ զգուշացնում էինք, որ ՔՊ-ական իշխանությունը ձեռքերը լվանում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագրից, հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունից։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այլ կերպ ասած՝ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը Արցախը հանձնում է Ադրբեջանին։ Ձեզանից ոմանք չեն ուզում այս ամենին հավատալ, քանզի իրոք դժվար է հավատալ, որ որևէ հայ կարող է հայկական Արցախը հանձնել ադրբեջանցի բորենիների բզկտմանը: Մեզ մեղադրում են իշխանություններին ճիշտ չհասկանալու կամ նույնիսկ նրանց քաղաքականությունը նենգափոխելու համար։ Չնայած, էլ ինչ չհասկանալու մասին է խոսքը, երբ Փաշինյանը խոսում է Ադբեջանի լիակատար տարածքային ամբողջականության մասին, ինչ-որ 86․600 քկմ-ի մասին։

Երեկ Փաշինյանը բաց տեքստով ասաց այն, ինչից խուսափում էր առնվազն 2-2,5 տարի. նա հայտնեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, Արցախը հանձնում է Ադրբեջանին։

Ո՞վ է նրան այդ իրավունքը տվել, ինչի՞ց նա ենթադրեց, որ ավելի բարձր է, քան երկրի օրենքները, Փաշինյանն իրավունք չունի ժողովրդի անունից նման պնդում անելու, մեր երկրի օրենքները նրան այդ իրավունքը չեն տալիս։ Գերագույն խորհրդի որոշման խախտումը ծանր իրավական հետևանք կարող է ունենալ նրա վրա, բայց Դատախազությունը կարծես այլ կարևոր գործեր ունի, օրինակ՝ Գայանե Հակոբյանի դեմ քրեական հետապնդում սկսելը՛՛:

Խաչատրյանը շեշտեց՝ Փաշինյանն իրավունք չունի որոշելու արցախցիների ճաատագիրը։

՛՛Արցախի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ։ Հայ ազգը շուրջ 35 տարի զոհերի, տառապանքների գնով հայկական է պահել, որ Փաշինյանը գա ու ուրանա՞ մեր պայքարը, Արցախը դատապարտի կործանմա՞ն։ Արցախցիները երեկ իրենց դիրքորշումը հստակ հայտնել են, արցախցիները ոչ են ասում Փաշինյանին։ Փաշինյանն ասում է, թող արցախցիները գնան ու բանակցեն Ադրբեջանի հետ, սա կոչվում է պիղատոսություն՛՛,-նշեց պատգամավորը:

  • Կիսվել: