կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախի Հանրապետությունում ապագա ընտրությունները եռակի արժեք ունեն մեր ողջ ժողովրդի համար․ Արմեն Սարգսյան

Արցախի Հանրապետությունում ապագա ընտրությունները եռակի արժեք ունեն մեր ողջ ժողովրդի համար․ Արմեն Սարգսյան

Եթե Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները շատ մեծ կարևորություն ունեն, ապա Արցախի Հանրապետությունում ապագա ընտրությունները, կարող եմ ասել՝ կրկնակի կամ եռակի արժեք ունեն մեր ողջ ժողովրդի համար, որովհետև այդ ընտրությունների թափանցիկ, արդար լինելը հսկայական քաղաքական գործիք է մեր բոլորի համար: Այս մասին այսօր Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը:

ՀՀ նախագահն իր ելույթում ասել է․

«Մեծարգո պարոն վարչապետ,

Մեծարգո պարոն նախագահ,

Ազգային ժողովի պարոն նախագահ,

Հարգելի գործընկերներ

Նախևառաջ ուզում եմ ասել՝ շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս նիստին, որովհետև շատ բարձր եմ գնահատում երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների և ընդհանրապես շատ սերտ համագործակցությունը: Ուզում եմ ողջունել Անվտանգության խորհուրդի աշխատանքը, պարոն վարչապետ, Ձեր և Անվտանգության խորհուրդի քարտուղարի՝ պարոն Գրիգորյանի: Ձեր աշխատանքի մասին, իհարկե, դատում եմ ըստ տեղեկատվության, որ ստանում եմ Ձեզնից և վերլուծական աշխատանքից, և կարող եմ ասել՝ բավական հետաքրքիր և բարձր որակ ունի, այնպես որ շնորհավորում եմ, պարոն Գրիգորյան:

Իհարկե, այն հարցը, որ պարոն վարչապետը և պարոն նախագահը բարձրացրեցին, մեր ողջ ժողովրդի համար ունի հսկայական նշանակություն՝ սկսած մեր երկու հանրապետությունների և ընդհանրապես մեր ժողովրդի ազգային անվտանգության խնդիրներից: Առաջնահերթությունների մասին այստեղ խոսվեցին, ես վերջից սկսեմ, պարոն նախագահ, Դուք էլ կրկնեցիք, և կարծում եմ՝ սա մեզնից յուրաքանչյուրի համար շատ էական է, եթե Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները շատ մեծ կարևորություն ունեն, ապա Արցախի Հանրապետությունում ապագա ընտրությունները, կարող եմ ասել՝ կրկնակի կամ եռակի արժեք ունեն մեր ողջ ժողովրդի համար, որովհետև այդ ընտրությունների թափանցիկ, արդար լինելը հսկայական քաղաքական գործիք է մեր բոլորի համար:

Եվ, իհարկե, քաջալերում եմ նաև, որպեսզի այսպիսի համատեղ նիստերը հաճախ տեղի ունենան և գուցե ավելի ընդլայնված կազմով, պարոն վարչապետ, որովհետև մեր ազգային անվտանգության խնդիրները չեն սկսվում և չեն ավարտվում, իհարկե, ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական, ո՛չ նաև արցախյան հիմնահարցի լուծման շրջանակում: Դրանք շատ ավելի լայն են, Դուք ինքներդ նշեցիք, և ասենք՝ մթերքների անվտանգության խնդիրը, կիբերանվտանգության, նոր տեխնոլոգիաների, երկրի տնտեսական զարգացման հետ կապված խնդիրները: Ողջունում եմ ձեզ բոլորիդ, հաջողություններ եմ մաղթում ձեր այսօրվա և ընդհանրապես առօրյա աշխատանքում: Արցախին էլ մաղթում եմ արդար, թափանցիկ ընտրություններ, որոնք օրինակ կծառայեն բոլորի համար՝ նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամներն են և նաև նույնիսկ նրանց համար, որոնք մեր երկու հանրապետությունների բարեկամները չեն:

Շնորհակալ եմ, հաջողություն եմ մաղթում բոլորիս»:

  • Կիսվել: