Արցախի համար պայքարելու ամենաճիշտ տեղը Ֆրանսիայի հրապարակն է. Մամիջանյան
Դուք հասցրել եք այն բանին, որ խոսում են Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության մասին, որ մեր Արցախը համարում են Ղարաբաղի մարզ։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նա հավելեց. ՛՛Ըստ կապիտուլյացիոն փաստաթղթի՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ ցամաքային միջանցքի երկարությունը հինգ կմ է։ 5 կմ-ը կարելի է խոցել ծանր գնդացիրով։ Սա խայտառակություն է։ Հայաստանի Հանրապետությունը պատերազմից հետո Արցախի համար դարձել է սոցիալական հաբ, որը ցուցաբերում է սոցիալական աջակցություն, սակայն զրո անվտանգություն՛՛։
Մամիջանյանի խոսքով՝ Արցախի համար պայքարելու ամենաճիշտ տեղը Ֆրանսիայի հրապարակն է, որովհետեւ եթե իրենք չանեն այն, ինչ հիմա են անում, աշխարհը կասի՝ հայերը համակերպվել են, իսկ հայերն այս արդյունքի հետ, ըստ նրա, երբեք չեն համակերպվելու։
՛՛Անցնող օրերի ընթացքում մեր ամբողջ ներքաղաքական կյանքը պտտվում է երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունների շուրջ, որովհետեւ Հայաստանի ներքաղաքական օրակարգը պետք է պտտվի հայկական օրակարգի շուրջ։ Անցնող օրերին շարժման անդամները տարբեր կալիբրի ՔՊ-ականներից փորձում էին ստանալ պատասխան՝ կանգնա՞ծ են հայտարարության կողքին, թե՞ ոչ։ Ես չեմ պատկերացնում աշխարհում մեկ հայ, որն այդ հայտարարությունը չկիսի՛՛,-նշեց պատգամավորը։
Ապա Մամիջանյանը հավելեց. ՛՛Նիկոլը կես տարի տակն էր դրել ականապատ դաշտերի քարտեզները եւ դրանք փոխանցեց ընտրություններից առաջ միայն, մինչդեռ Բաքվի բանտերում տանջվում էին մեր տղաները։ Նիկոլը մարդու կյանքով քվե հավաքող է։ Մայիսի 12-ն էլ ոչ միայն մնաց անպատիժ, այլեւ եղավ նոյեմբերի 16-ը՛՛։
Եզրափակելով խոսքը՝ պատգամավորը նշեց. ՛՛Նիկոլը փորձում է Ալիեւից ավելի Ալիեւ լինել՛՛: