երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Արցախի անվտանգությունը չի սահմանափակվում միայն արցախցիների ֆիզիկական անվտանգությամբ. Արթուր Վանեցյան

Արցախի անվտանգությունը չի սահմանափակվում միայն արցախցիների ֆիզիկական անվտանգությամբ. Արթուր Վանեցյան

Հայաստանի խորհրդարանի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ադրբեջանի առաջ քաշած 5 սկզբունքները:

ԱԺ-ում լսումների ժամանակ Վանեցյանը  կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի առաջ քաշած 5 սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջանական փակելու մասին են: 

 

«Հայաստանը և Արցախը այսօր կանգնած են անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ: 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո Ադրբեջանը խաղաղության համար նոր պահանջներ է առաջ քաշում՝ այսպես կոչված 5 սկզբունքներ ներկայացնելով: Այն, թե ինչի մասին են սկզբունքները, վստահ եմ, որ բոլորդ ծանոթ եք, իմ համոզմամբ դրանք Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջանական փակելու մասին են: Միաժամանակ չենք կարող ուշադրություն չդարձնել այն միջավայրին, որի ներքո Ադրբեջանի կողմից ձևակերպվում են այս պահանջները` սահմանամերձ գյուղերի մեր հայրենակիցների հոգեբանական ահաբեկում, հումանիտար աղետ Արցախում, սահմանային լարվածության աճ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումներ ու տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառում հայկական բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ: Սա դասական իմաստով հարկադրանքի քաղաքականություն է, զինանոցում առկա գրեթե բոլոր տարբերակների օգտագործմամբ»,- ընդգծեց Վանեցյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով` Բաքվի կողմից իրականացվող այս հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել է և աջակցում է նաև Ադրբեջանի ավագ եղբայրը` Թուրքիան, ինչի ամենաթարմ վկայությունը Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցն էր Անթալիա և այդ այցին հաջորդած Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները առ այն, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները:

«Այս ամենին ի պատասխան Երևանը լուռ է, ավելի ճիշտ խոսում է այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացելու մասին»,- հավելեց Վանեցյանը:

Վանեցյանի կարծիքով` Արցախի համար ունենք երկարաժամկետ միջազգային երաշխիքների խնդիր:

«Մենք ունենք խնդիր գիտակցելու, որ Արցախի անվտանգությունը չի սահմանափակվում միայն արցախցիների ֆիզիկական անվտանգությամբ, ինչպես այն փորձում է ներկայացնել  Հայաստանի իշխող ուժը, որ Արցախի կարգավիճակի մասին խոսելը և կարգավիճակ բառը պարզապես արտասանելը չի լուծում Արցախի անորոշ ապագայի հետ կապված խնդիրները»,- եզրափակեց Վանեցյանը:

  • Կիսվել: