երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Առավոտից բավականին հանգիստ է իրավիճակը թե՛ Կապանում, թե՛ դիտարկվող մյուս համայնքներում. Դանիել Իոաննիսյան

Առավոտից բավականին հանգիստ է իրավիճակը թե՛ Կապանում, թե՛ դիտարկվող մյուս համայնքներում. Դանիել Իոաննիսյան

Ընդհանուր առմամբ պրոցեսը նորմալ է ընթանում, և որևիցե էական խախտումներ քվեարկության օրը՝ այս պահի դրությամբ, մեր կողմից չեն արձանագրվել. ասածս վերաբերում է թե՛ Կապանին, թե՛ դիտարկված մյուս համայնքներին։ Այս մասին Կապանում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ասուլիսի ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Պետք է ասեմ, որ առավոտից բավականին հանգիստ է իրավիճակը թե՛ Կապանում, թե՛ դիտարկվող մյուս համայնքներում, առանձնապես շատ ուշադրության արժանի միջադեպեր տեղի չեն ունեցել»,- նշեց Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ դիտորդները որոշ ուղղություններում նկատել են, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները ընտրական գործընթացներին վատ են տիրապետում, նաև որոշ վայրերում արձանագրվել են տեխնիկական խնդիրներ:

Դանիել Իոաննիսյանը հայտնեց, որ «Անկախ դիտորդն» իրականացնում է դիտորդական առաքելություն 88 դիտորդով։

«Այդ թվում՝ մենք ունենք 10 շրջիկներ, և երեկոյան ժամը ութից հետո դիտարկելու ենք բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը; Կապան խոշորացված համայնքում մենք աշխատում ենք շուրջ 40 դիտորդներով, և այդ 40 դիտորդների մեջ նաև մտնում են հինգ շրջիկ խմբերը, որոնք տարբեր ուղղություններով են և, ըստ էության, աշխատում են թե՛ Կապանում, թե՛ գյուղերում»,- ասաց նա՝ հայտնելով, որ իրենց դիտորդները դիտորդություն են իրականացնում նաև Ճակատենի ուղղությամբ:

«Առանց որևիցե խոչընդոտի դիտորդները հասել են Ճակատեն, այնուհետև Շիկահող և մինչև Ծավ. բոլոր այդ համայնքներով հանգիստ կարողացել են անցնել։ Ճանապարհն ամբողջությամբ բաց է։ Ես էլ քիչ անց կմեկնեմ այդ ուղղությամբ»,- տեղեկացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգողը:

  • Կիսվել: