կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Արամ Վարդևանյանն առաջարկում է ավելացնել Սահմանադրական դատարանի բյուջեն

Արամ Վարդևանյանն առաջարկում է ավելացնել Սահմանադրական դատարանի բյուջեն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի կարծիքով՝ պետք է ավելացնել Սահմանադրական դատարանի բյուջեն:

«Եթե ասվում է, որ որոշ ոլորտներում բյուջետային միջոցի կրճատումներ են եղել, միակ ոլորտը, որտեղ իսկապես պետք է ավելացում նախատեսել, հենց Սահմանադրական դատարանն է», - ԱԺ-ում հայտարարեց Վարդևանյանը:

Նա նշեց, որ ՍԴ ներկայացվող դիմումների քանակն ավելացել է ու այդ տեսանկյունից ակտիվություն է դրսևորում պատգամավորների մեկ-հինգերորդը:

ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանն էլ ասաց, թե, ճիշտ է, ԱԺ պատգամավորների առնվազն մեկ-հինգերորդը ակտիվություն է ցուցաբերում դիմումների ներկայացմամբ, բայց այդ ակտիվությունը միայն պատգամավորներին չէ բնորոշ. բոլոր սուբյեկտներն են իրենց դիմումների քանակը շատացրել:

Վարդևանյանն էլ ընդգծեց, որ սահմանադրական արդարադատության նման ծավալի բարձրացումը շատ կարևոր զարգացում է:

«Այսինքն՝ դիմումնների ծավալի ու շրջանակի ավելացումը միայն դրականի մասին է վկայում, բայց այդ դրականը չի լինի բավարար դրական, որովհետև, ի տարբերություն սովորական դատարանների, որոնք միշտ ունեն հետևյալ ձևակերպումը՝ «ողջամիտ ժամկետներում գործի քննություն», ՍԴ-ի դեպքում կա կոնկրետ ժամկետ գործերի քննության ու, այդ տեսանկյունից ռեսուրսի ավելացումն առավել քան բնական ու անհրաժեշտ է», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոը:

  • Կիսվել: