ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. Փաշինյան

Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. Փաշինյան

ԵՄ-ը շատ երկար ժամանակ Հայաստանի թիվ մեկ գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների գործում. իմիջիայլոց, նաև 2018 թվականի հեղափոխությունից առաջ։ Այլ խնդիր է, թե ինչ արդյունավետությամբ և ինչ անկեղծությամբ է այդ օրակարգն իրականացվել։ Այդ մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության լրագրողի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին:

«Հիմա՝ ընտրություններից հետո, նաև շատ կարևոր առիթ եմ համարում, որ մենք, ինչպես ասել եմ, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը ռեստարտի ենթարկենք, որովհետև նախորդ շրջանում, այո, մենք հետևողական ենք եղել այդ բարեփոխումների ճանապարհին, բայց այն անընդհատ զուգակցվել է ինչ-որ մեծ խնդիրներով՝ COVID-19, պատերազմ, հետպատերազմական իրավիճակ։ Այսինքն՝ մենք գործնականում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի վրա լիարժեք կենտրոնանալու հնարավորություն իրականում չենք ունեցել։

Ընտրությունները, այս նոր շրջանը, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների նոր մակարդակն ու նոր ծավալը մեզ համար ստեղծում են պատմական շանս, և մենք մեր ռազմավարությունը հստակ հայտարարել ենք։ Խնդիր համար առաջինը, որը մենք պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին։ Սա առաջին ռազմավարական խնդիրն է, որը մենք պետք է լուծենք, որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որն արդեն քաղաքական հարց է։

Բայց, ինչպես նախկինում ասել եմ, երբ մենք լիարժեք և անկեղծորեն համապատասխան կլինենք ԵՄ չափանիշներին, դա մեզ հնարավորություն կտա լինել ԵՄ լիարժեք անդամ։ Սակայն դա նաև քաղաքական հարց է, որը կախված է ամենատարբեր գործոններից։

Եթե մեզ հաջողվի դառնալ ԵՄ անդամ, դա կլինի շատ մեծ ձեռքբերում։ Եթե ինչ-որ պատճառով ԵՄ-ը որոշի, որ այլևս չի ընդլայնվում, այդ դեպքում մենք նույնպես մեծապես շահած դուրս կգանք, որովհետև կլինենք երկիր, որը լիարժեք համապատասխանում է ԵՄ չափանիշներին։

Սա ԵՄ-ի համար չի արվում, սա արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության համար, և սա այն ռազմավարական նպատակն է, որը մենք հետապնդում ենք։

Իհարկե, նոր հնարավորությունները, որոնք բացվում են տարածաշրջանային կապուղիների բացման հետ կապված, նույնպես շատ կարևոր են։ Ի վերջո, նախընտրական շրջանում ես առիթ եմ ունեցել բազմիցս ասելու, որ Հայաստանը կոնֆլիկտի փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի, և սա պատմական իրադարձություն է։ Մենք շնորհակալ ենք ԵՄ-ին, որ մեր այս ջանքերում հետևողականորեն և ամբողջապես աջակցում է Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի ժողովրդին, և, իհարկե, մենք դա շատ բարձր ենք գնահատում։

Նույնիսկ հիմա, երբ հետադարձ հայացք ենք գցում, աներևակայելի է, թե վերջին տարիներին ինչ արագությամբ են զարգացել ՀՀ-ԵՄ հարաբերությունները, և որևէ նշան չկա, որ զարգացման այդ տեմպերը դանդաղելու են, և ես դրա համար շատ ուրախ եմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: