Առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ. Ալիև
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բանակցություններում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Ալիևը, մասնավորապես, ասել է. ՛՛Երեք օր առաջ մենք նոր պատասխաններ ստացանք Հայաստանից մեր առաջարկների վերաբերյալ: Մենք դրանք վերջնական տեսքի ենք բերում: Առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ՛՛։
Ըստ Ալիևի՝ ամենակարևորն այն է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի միջազգային նորմերի և սկզբունքների վրա։
Անդրադառնալով սահմանազատման հարցերին՝ Ալիևը կարծիք է հայտնել, թե սահմանային անցակետեր պետք է տեղադրվեն ինչպես, այսպես կոչված, ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ երկու կողմում, այնպես էլ ՛՛Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին՛՛։