ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
ԱՊՀ հարթակը հնարավորություն է տալիս երկրների միջև կառուցողական երկխոսություն վարել. Էդգար Զաքարյան

ԱՊՀ հարթակը հնարավորություն է տալիս երկրների միջև կառուցողական երկխոսություն վարել. Էդգար Զաքարյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունիսի 4-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին։
 
Իր ելույթում Էդգար Զաքարյանը կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի գործունեությունը և նշել, որ այդ հարթակը հնարավորություն է տալիս երկրների միջև կառուցողական երկխոսություն վարել, լավագույն փորձի փոխանակում իրականացնել, համակարգել արդյունաբերական արդիականացման մոտեցումները և ձևավորել ինտեգրված արդյունաբերական համագործակցության ընդհանուր տեսլական:
 
«Այսօր առավել քան կարևոր է համատեղ ջանքերը կենտրոնացնել այնպիսի ուղղությունների վրա, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիական արտադրության տեղայնացումը, արդյունաբերական կոոպերացիայի խթանումը, ենթակառուցվածքների զարգացումը նորարար գործունեության և ոլորտների թվային փոխակերպման վրա: Կարևոր է նաև արտադրության էկոլոգիզացումն ու արդյունաբերության մեջ կայուն լուծումների խթանումը», - նշել է Էդգար Զաքարյանը։
 
Նիստի ընթացքում քննարկվել են արդյունաբերական քաղաքականության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, հանքարդյունաբերության և մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության հայեցակարգերին առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել ԱՊՀ անդամ երկրներում մեքենաշինության և տեքստիլ արդյունաբերության զարգացման ուղղությամբ համալիր միջոցառումների վերաբերյալ։

  • Կիսվել: