ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ապաշրջափակման թիվ մեկ շահառուն Հայաստանն է, այն մեր երկրում տնտեսական զարգացում կբերի. «Իմ քայլի» պատգամավոր

Ապաշրջափակման թիվ մեկ շահառուն Հայաստանն է, այն մեր երկրում տնտեսական զարգացում կբերի. «Իմ քայլի» պատգամավոր

Կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնությունը գերիների հարցով մեզ հետ համախոհ է և 8-րդ կետի վրա հստակ շեշտադրում արվեց, գործընթացը տեղի ունենում, բայց դեռևս վերջնական արդյունքների չենք հանգել: Այս մասին այսօր Հանրային Հեռուստատեսության եթերում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հարցին:

«Շեշտադրում է արվել, որ սա մեզ համար կարևորագույն հարց է և հույս ունենք, որ իրենց կողմից այդ քայլը առաջիկայում կիրականացվի, մեր կողմից էլ չեն ստեղծվի խոչընդոտներ՝ հայտարարությունը շարունակելու իմաստով: Ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ փոխադարձ ռազմաշունչ հռետորաբանությամբ կամ գերիների առկայությամբ: Հույս ունենք, որ գերիների հարցը կլուծվի, գիտենք, որ ԱԱԾ տնօրենն էլ հանդիպեց այնտեղի պաշտոնակցի հետ, այնպես որ մեր կողմից ամեն ինչ արվում է»,- նշեց նա:

Ենգիբարյանի խոսքով՝ Հայաստանը շրջափակված է, ինչի պատճառով բոլոր ռեգիոնալ մեգանախագծերը շրջանցում են Հայաստանը, և ըստ նրա՝ դա ևս նպաստում է մեր երկրում աղքատությանը և արտագաղթին:

«Ադրբեջանը այս երեսուն տարիների ընթացքում իրականացրել է հյուծման քաղաքականություն, փակել սահմանները՝ թույլ չտալով, որ Հայաստանը զարգանա: Սա հանգեցրել է այսօրվա ընթացքին, և հիմա, երբ ապաշրջափակմանը վերջ է դրվում, իմ կարծիքով, թիվ մեկ շահառուն Հայաստանի Հանրապետությունն է, այն կբերի մեր երկրում տնտեսական զարգացման: Այդ տնտեսական զարգացումը պետք է նպաստի հարատև խաղաղությանը»,- ասաց նա:

Հարցին, թե ապաշրջափակումը գեղեցիկ է հնչում, բայց վտանգ կա՞, որ  բացում եք թուրք-ադրբեջանական երազանքը՝ Մեղրիի վրայով ունենալ կոմունիկացիա, իսկ ի՞նչ ենք դրա դիմաց մենք ստանում, Ենգիբարյանը պատասխանեց. «Մեր տնտեսության, խաղաղության երաշխիքների համար միշտ կարևոր է եղել Թուրքիայի սահմանը: Եթե մենք ունենանք երկաթգիծ, որը կապում է Իրան-Նախիջևան-Արարատի մարզ-Ադրբեջան-Ռուսաստան և մյուս կողմից Ադրբեջան- Հայաստան-Նախիջևան-Թուրքիա, դա մեզ ապագայում հնարավորություն է տալու ունենալ երկաթգծային փոխադրություն եվրոպական տնտեսական միջավայրի հետ, չէ՞ որ Թուրքիան եվրոպական մաքսային միության անդամ է և սա մեր գործարարաների համար չափազանց կարևոր է լինելու, բայց այս ամենի մասին խոսելը վաղ է»,- գրում է Tert.am-ը։

  • Կիսվել: