հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Անվտանգային մասնիկը մեզ համար առաջնային է՝ ի տարբերություն դասական ստրուկի հոգեբանությամբ այն մարդկանց, որոնք 25 տարի խոչընդոտել են քաղաքացիական հասարակության կայացմանը․ Գաբրիելյան

Անվտանգային մասնիկը մեզ համար առաջնային է՝ ի տարբերություն դասական ստրուկի հոգեբանությամբ այն մարդկանց, որոնք 25 տարի խոչընդոտել են քաղաքացիական հասարակության կայացմանը․ Գաբրիելյան

Ես համարում եմ, որ մեր պետության հիմքերի տակ ի սկզբանե դրված են եղել բազմաթիվ կեղծիքներ և միֆեր, որոնց դեմ ես, իմ ընկերները պայքարել ենք և շարունակում ենք պայքարել: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

«Անվտանգային մասնիկը մեզ համար առաջնային է, և մենք այն ժամ առ ժամ բարելավելու ենք ՝ ի տարբերություն դասական ստրուկի հոգեբանությամբ և բարդույթով օժտված այն մարդկանց, որոնք 25 տարի շարունակ խոչընդոտել են քաղաքացիական հասարակության կայացմանը, որը անվտանգային հիմնաքարերից մեկն է»,- ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ անվտանգությունը ոչ միայն ուժեղ բանակն է, այլ նաև ժողովրդավարությունը, ազատ տնտեսությունը, զարգացած գիտությունը, կրթության բարձր մակարդակը, բարեկեցությունը:

«Ուզում եմ մեզ բոլորիս կոչ անել, որ զգոն և հավասարակշիռ լինենք մեր խոսքերում, որովհետև ճշմարիտ խոսքը զենք է, որը խոցում է ոչ թե մարմինը, այլ սիրտն ու ուղեղը, բայց միաժամանակ բոլորիս կոչ եմ անում լինել վճռական, ունենալ կամք՝ բարձրաձայնել այդ ճշմարիտ խոսքերը»,- ասաց նա:

  • Կիսվել: