Անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք և աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարում. Փաշինյան
Անապահովության գնահատման նոր համակարգով նախատեսվում է անապահով ճանաչված ընտանիքների, աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացում և կայուն զբաղվածության ապահովում: Համակարգը փորձարկվում է Կոտայքի և Սյունիքի մարզերում, ուստի Կառավարությունը մշակել է միջոցառում, համաձայն որի՝ աջակցություն կտրամադրվի երկու մարզերի այն գործատուներին, որոնք շահառուներին զբաղվածություն կառաջարկեն 3 ուղղություններով՝ ուսուցում և աշխատանքի ընդունում, աշխատանքային փորձի ապահովում և աշխատանքի ընդունում, ինչպես նաև պարզապես աշխատանքի ընդունում: Այդ մասին Կառավարության՝ հունիսի 12-ին նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
Ըստ նախագծի՝ առաջին կետով գործատուն կփոխհատուցվի կրթական այն ծախսերի համար, որը կհատկացվի շահառուի ոչ ֆորմալ կրթության ապահովման համար, բաց ոչ ավելի, քան 250 հազարի դրամը:
Երկրորդ կետով պետությունը կտրամադրի գործատուին կնքված աշխատանքային պայմանագրի դեպքում առնվազն 6 ամիս ժամկետով ամսական 50 հազար դրամի չափով շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում, արդյունքում կդրվի պարտադիր պահանջ՝ առնվազն 6 ամիս ոչ ֆորմալ կրթություն ստացած շահառուի հետ պայմանագրի կնքման: Աշխատանքի ընդունման դեպքում գործատուն կնքում է պայմանագիր առնվազն 6 ամիս ժամկետով, և այս դեպքում կա հնարավորություն առաջին 3 ամսվա ընթացքում ապահովելու որոշակի պրակտիկա կամ աշխատանքային փորձառություն, որի շրջանակում 3 ամիս ժամկետով գործատուին կփոխհատուցվի աշխատավարձի վճարման համար ամսական 165 հազար դրամ՝ ներառյալ հարկերը և պարտադիր վճարները:
Երրորդ կետով գործատուին կտրվի աշխատավարձի սուբսիդավորման աջակցություն: Եթե աշխատանքային պայմանագիրը լինի 6-11 ամիս ժամկետով, ապա կսուբսիդավորվի աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 50 հազար դրամը, իսկ 12 և ավելի ամիսների համար կնքված պայմանագրի դեպքում գործատուին աջակցություն կտրվի 6 ամիս ժամկետով, բայց ոչ ավելի, քան ամսական աշխատավարձի 70 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 75 հազար դրամը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ առողջապահության գնահատման նոր համակարգի ռազմավարական նպատակն աջակցելն է մարդուն, որ հաղթահարի աղքատությունը: Փաշինյանը կրկնեց՝ աղքատությունը հաղթահարելու գործիքն աշխատանքն է, ապա ներկայացեց նոր համակարգի տրամաբանությունը:
«Անապահով գնահատված ընտանիքի աշխատունակ անդամին առաջարկելու ենք աշխատանք և աշխատանքի միջոցով աղքատության հաղթահարում, և դա լինելու է մեր միասնական սոցիալական ծառայությունների՝ այս ուղղությամբ հիմնական գործունեությունը»,- ասաց նա և հավելեց, որ այս ամենի համար անհրաժեշտ է քաղաքացուն տալ ուսուցման հնարավորություն:
Նախարարի տեղակալը հավելեց՝ ամեն սոցիալական դեպքի հետ առանձին անհատականացված աշխատանք են պլանավորում կատարել, իսկ ծրագրից շեղումների դեպքում նախատեսվում է աջակցության հետգանձումների կետ: