կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ամենամեծ սխալը եղել է մոտեցումը, որ կարող են մեկտեղվել պատերազմը և «ոչ մի թիզ հող»-ը. Փաշինյան

Ամենամեծ սխալը եղել է մոտեցումը, որ կարող են մեկտեղվել պատերազմը և «ոչ մի թիզ հող»-ը. Փաշինյան

Վերջին 2.5 տարվա սխալն է, որ չենք կարողացել լրացնել անհրաժեշտ բացերը՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

«Բայց, օրինակ, հակաօդային պաշտպանության համակարգում եղել են հսկայական ձեռքբերումներ, որոնց մասին հայտարարվել է: Մենք ձեռք ենք բերել «ՏՈՌ» համակարգեր, ձեռք ենք բերել մոդեռնիզացված «ԱՍԱԿԱ» համակարգեր, այլ բան, որ իրադարձությունները ցույց են տվել, որ այդ բոլոր միջոցները բավարար չեն գտնվել արդի մարտահրավերները սպասարկելու համար: Վերջին ամիսներին ի հայտ են եկել նոր գործոններ, որոնք որոշակիորեն փոխել են ուժերի հավասարակշռությունը»,- նշեց նա:

Վարչապետը խոսեց Ղարաբաղյան խնդրում ՀՀ սխալների մասին:

«Ընդհանուր ընկալմամբ մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մտածել ենք՝ երկու մոտեցումը կարող են մեկտեղվել. մոտեցումներից մեկը՝ պատերազմի բացառումը, և երկրորդը՝ «ոչ մի թիզ հող» մոտեցումը: Մենք պետք է հասկանայինք, որ պետք է ունենանք սցենար և պատրաստվեինք այդ սցենարին: Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մեզ թվացել է, թե անվերջ կարող էինք ժամանակը ձգել:

Եկեք այդ փաստը շատ հստակ արձանագրենք, որ 1998 թվականից ի վեր տեղի ունեցած բանակցային գործընթացքում որոշակի է եղել միայն մեկ ձևակերպում և գործոն՝ բանակցային գործընթացի նպատակը 7 շրջանների վերադարձն է Ադրբեջանին»,- նշեց վարչապետը:

Նա առաջարկեց վերհիշել, թե վերջին քսան տարում ինչ է տեղի ունեցել միջազգային ատյաններում:

«Տասնյակներով փաստաթղթեր, բանաձևեր, հայտարարություններ են եղել, որոնք արձանագրել ու ամրացրել են այս իրողությունը, և մեր մեծագույն ռազմավարական սխալը եղել է այն, որ երկու սցենարից որևէ մեկը չենք ընտրել: Մենք ուզեցել ենք համատեղել»,- ասաց նա:

 

  • Կիսվել: